ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ «ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ<br /> ՍԵԶՈՆՆԵՐ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ «ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՍԵԶՈՆՆԵՐ»

  • 23-04-2008 18:37:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է գտնվում ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը: Այցի շրջանակներում` ապրիլի 23-ին, նախարարության եւ գործակալության միջեւ ստորագրվեց 2008թ.-ին Հայաստանում «Ռուսական մշակույթի սեզոնների» կազմակերպման եւ անցկացման մասին համաձայնագիր: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայ-ռուսական մշակութային հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա: Նախարարը հայտնեց, որ երկկողմ համագործակցության շրջանակներում կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Մասնավորապես, հյուրախաղերով Հայաստան կժամանեն Արմեն Ջիգարխանյանի եւ Ֆոմենկոյի թատրոնները: Վերջինը հայ հանդիսատեսին կներկայացնի «Պատերազմ եւ խաղաղություն» եւ «Ընտանեկան երջանկություն» բեմադրությունները: Իսկ Մոսկվայի Ա.Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնը «Համլետ» ներկայացումով կմասնակցի Երեւանում անցկացվելիք Շեքսպիրյան փառատոնին: Բացի դրանից, ըստ Հ.Պողոսյանի, համաձայնագրի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ` նվիրված հայազգի հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի հիշատակին: Մ.Շվիդկոյը իր հերթին նշեց, որ այս տարվա ընթացքում Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան նաեւ այն թատերախմբերը, որոնք երբեւէ չեն եղել այստեղ: «Հայ եւ ռուս արվեստագետների համագործակցությունը շարունակվում է, եւ մենք փորձում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել, ինչպես նաեւ է'լ ավելի խորացնել եւ ամրապնդել երկկողմ մշակութային հարաբերությունները»,- նշեց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ