ԵՐԵՎԱՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ<br /> ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՈՏ 2,5 ՄԼՆ ԵՎՐՈ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՈՏ 2,5 ՄԼՆ ԵՎՐՈ

  • 28-09-2007 20:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի ավելի քան 500 տոննա աղբի վերացման միջոցառումների մշակման նպատակով պետք է ստեղծվի աշխատանքային խումբ` ՀՀ բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների, ԳԱԱ-ի համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Ինչպես սեպտեմբերի 28-ի ասուլիսում նշեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը, այդ առաջարկով իրենք դիմել են ՀՀ կառավարություն: Նշվեց, որ 1982թ.-ին կառուցված Թունաքիմիկատների գերեզմանոցում թաղվել է խորհրդային տարիներին գործող կոլխոզներից եւ սովխոզներից բերված ավելի քան 500 տոննա գյուղատնտեսական քիմիկատ, որի 50%-ը վտանգավոր եւ արգելված կայուն քլորօրգանական միացություններ են: Գերեզմանոցի ստեղծման ժամանակ հաշվի չի առնվել այդ տարածքի խիստ սողանքային լինելը. մինչ օրս գերեզմանոցը տեղաշարժվել է մոտ 10 մետրով: Ներկայումս սողանքները շարունակվում են` ընդգրկելով ավելի մեծ տարածքներ: Ըստ Լ.Սիմոնյանի, թունաքիմիկատները վնասազերծելու համար պետք է դրանք այլ երկրներ տեղափոխել, ինչի համար անհրաժեշտ է մոտ 2,5 մլն եվրո գումար: Նա ընդգծեց, որ ուշացնելու դեպքում ավելի մեծ ծախսեր կպահանջվեն, քանի որ սողանքների արդյունքում աղբի տարածվածությունը մեծանում է: «Մենք ակնկալում ենք, որ գումարի 60-70%-ը կտրամադրի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է նաեւ ՀՀ կառավարության կողմից որոշակի ֆինանսական ներդրումներ»,- ասաց Լ.Սիմոնյանը: Ի դեպ, թունաքիմիկատների գերեզմանոցի վերացումը Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play