ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ<br />


ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

  • 25-09-2007 20:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի իրացման գոտիներում ինքնակամ կառույցների օրինականացման եւ փոխհատուցման գործընթացում առկա խնդիրները ՀՀ վարչապետի անմիջական միջամտության արդյունքում դրական լուծման միտում ունեն: Այս մասին սեպտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա միաժամանակ նշեց, որ այդ խնդիրների լուծումը պայմանավորված է ոչ թե համակարգի արդյունավետ գործունեությամբ, այլ անձի` վարչապետի անմիջական միջամտությամբ: Ըստ Պաշտպանի, երկրում անհրաժեշտ է իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից համակարգային բարեփոխումներ: «Ժամանակն է, որ հստակ տարանջատվեն բիզնեսն ու իշխանությունը, ձեւավորվեն առանձին եւ միմյանց հետ համագործակցող, բայց չհամընկնող քաղաքական եւ տնտեսական էլիտաներ», ասաց նա: Արմեն Հարությունյանը անդրադարձավ մարդու իրավունքների խախտման երկու կողմերին` արդար դատաքննության եւ սեփականության հարկադիր օտարման խնդիրներին: Որպես արդար դատաքննության իրավունքի խախտում Պաշտպանը հիշատակեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված «Միշա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը. թեեւ Եվրոդատարանը անընդունելի էր համարել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Լեռնիկ Աթայանի նախագահությամբ դատավճռում տեղ գտած հղումը` «Մ.Հարությունյանի նկատմամբ խոշտանգումները կիրառվել են ճշմարտությունը բացահայտելու նպատակով», ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավորին ենթարկել է սոսկ կարգապահական տույժի` (նա ստացել է նկատողություն եւ տուգանվել աշխատավարձի 25 տոկոսի չափով), եւ վերջինս շարունակում է քննել զինվորական գործեր: Իր կողմից բարձրացված հարցերի թվում Արմեն Հարությունյանը հիշատակեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման գործում առաջացած խնդիրները: Ըստ այդ օրենքի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկատվության տրամադրումը կատարվում է կառավարության սահմանած կարգի համաձայն, սակայն այդ կարգը մինչ այժմ գոյություն չունի, սահմանված չէ նաեւ լիազորված պետական կառավարման մարմինը, որին, ըստ օրենքի, կարող է դիմել քաղաքացին, բողոքարկելով տեղեկատվություն տրամադրելու մերժումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play