ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-ԻՆ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓԱՌԱՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ
06-09-2007 20:42:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական
կամերային նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-15-ին Լեռնային
Ղարաբաղում կանցկացվի «Արցախյան առաջին փառատոն»` նվիրված Շուշիի
ազատագրման 15-ամյակին: Ինչպես սեպտեմբերի 6-ի ասուլիսում հայտնեց
նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը,
փառատոնի ժամանակ կկատարվեն հայ եւ օտարազգի կոմպոզիտորների
լավագույն գործերը:
Փառատոնի շրջանակում կամերային նվագախումբն ու երգչախումբը
համերգներով հանդես կգան Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում,
Գանձասարում եւ Վանք գյուղում: Իսկ սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտի
Վերածննդի հրապարակում կայանալիք գալա-համերգին կմասնակցեն նաեւ
Արցախի պետական կամերային երգչախումբն ու նվագախումբը, ինչպես նաեւ
զինվորական փողային նվագախումբը: Նշվեց, որ փառատոնի հովանավորն է
ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Անդրադառնալով հայ երգարվեստի ներկայիս վիճակին,
Ա.Ղարաբեկյանը նշեց, որ այդ բնագավառում քաոս է տիրում եւ արժեքներ
չկան: «Երբ լսում ես մեր այսօրվա էստրադային երգիչներին, կամ
ինչպես իրենք են իրենց անվանում` «աստղերին», ապա տեսնում ես, որ
նրանց մասնակցությամբ համերգները նման են հարսանեկան
խնջույքների»,- ասաց Ա.Ղարաբեկյանը: Ըստ նրա, անընդունելի է, որ
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական
թատրոնն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահը տրամադրվում է «ում
պատահի», քանզի «այդ բեմերը միմիայն պրոֆեսիոնալների համար են»: