ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵՆ` «ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔԱՈՍԻՑ»<br /> ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ,- ԱՍՈՒՄ ԵՆ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ<br />


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵՆ` «ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔԱՈՍԻՑ»
ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ,- ԱՍՈՒՄ ԵՆ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ՈՒ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ

  • 21-06-2007 20:26:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ստեղծված «թատերական քաոսից» դուրս գալու համար ավագ, միջին եւ երիտասարդ սերունդների թատերական գործիչները պետք է միավորեն իրենց ուժերը եւ միասնաբար մշակեն «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հունիսի 21-ի համատեղ ասուլիսում հայտարարեց Երեւանի Կամերային եւ Հովհ.Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Արա Երնջակյանը եւ Ռուբեն Բաբայանը: Վերջինիս խոսքերով, անկախությունից հետո թատերական ոլորտում որեւէ բարեփոխում չի իրականացվել: Ըստ Ռ.Բաբայանի, միայն փորձ արվեց մշակել «Թատրոնի մասին» օրենքի մի նախագիծ, որը դեկլարատիվ բնույթի էր, եւ որի ընդունումը ավելի շատ խնդիրներ կառաջացներ թատրոնի մարդկանց համար: «Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՊՀ մի շարք երկրների նման Հայաստանում եւս զարգացում ապրի թատերարվեստը»,- նշեց նա: Անդրադառնալով որոշ թատրոններին պետական կարգավիճակից զրկելու մասին լուրերին, Ա.Երնջակյանը նշեց, որ դա կնշանակի կործանել թատերարվեստը: «Եթե թատրոններին պետական աջակցություն չցուցաբերվի, ապա կկրկնվի «Փոսի» եւ «Մետրո» թատրոնների ճակատագիրը: Մեզ մոտ դեռեւս չի ձեւավորվել մեկենասության ինստիտուտը, այդ իսկ պատճառով անիմաստ է նման հարց բարձրացնելը»,- ընդգծեց Կամերային թատրոնի ղեկավարը Ա.Երնջակյանը: Ասուլիսի մասնակիցների կարծիքով, որպեսզի Հայաստանում զարգանա թատերարվեստը, հարկավոր է պատշաճ մակարդակի բարձրացնել նաեւ թատերական քննադատությունը: Այսօրվա մամուլում, ըստ նրանց, բացակայում են այս կամ այն բեմադրության լուրջ մասնագիտական վերլուծությունները: «Քննադատները ինչպես կարող են վերլուծություններ անել, եթե թատրոններ չեն հաճախում: Դրա համար էլ որոշ թատրոններում, որոնք համարվում են անձեռնմխելի, 15 տարի է նույն բեմադրություններն են ներկայացվում»,- նշեցին Ա.Երնջակյանը եւ Ռ.Բաբայանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ