ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿԱՅՆ. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԱՄԵՆԱՀՐՏԱՊ ԽՆԴԻՐԸ
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է
17-02-2007 18:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գեղարվեստի ակադեմիան 60
տարեկան է. այն ունեցել է դժվարություններ, սակայն այսօր աննախադեպ
առաջընթաց է ապրում ինչպես կրթական, այնպես էլ շենքային պայմանների
առումով: Այս մասին «Մտավորականը եւ արվեստը» բանավեճի ժամանակ
նշեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ըստ նրա,
բուհի բակալավրական հատվածում այս տարի կներդրվի կրեդիտային
համակարգով ուսուցումը: Ռեկտորի խոսքերով, բուհը ներկայումս
վերականգնել է այլ երկրների գեղարվեստի ակադեմիաների հետ ընդհատված
համագործակցությունը եւ շնորհալի ուսանողները այսուհետ կարող են
իրենց ուսումնառությունը անցակցնել Բուլղարիայի, Ֆլորենցիայի եւ
Փարիզի գեղարվեստի ակադեմիաներում:
Ա.Իսաբեկյանը գտնում է, որ կերպարվեստի ասպարեզում այսօր
ամենահրտապ խնդիրը սերնդափոխության հարցն է: «Մեր կերպարվեստի
փառքը հանդիսացող շատ արվեստագետներ այսօր կամ հեռացել են կյանքից,
կամ էլ պարզապես չեն ստեղծագործում: Իսկ նոր սերունդը հայտնվել է
մի քիչ շփոթ վիճակում. չգիտի ով է իր հերոսը, չկան հստակ
չափանիշներ, եւ առհասրակ է ինչ է ուզում նկարիչը»,- նշեց բանախոսը:
Ըստ Արամ Իսաբեկյանի, կերպարվեստը տարբերվում է արվեստի
մյուս` երաժշտության, պարի, երգի բնագավառներից նրանով, որ այդ
ուղղության համար գովազդ չկա ընդհանրապես, եւ դա է պատճառը, որ քիչ
է խոսվում նաեւ ցածրարժեք կերպարվեստի մասին: Ըստ նրա, երգն ու
պարը այսօր ամբողջապես ղեկավարվում են շոու-բիզնեսի կանոններով եւ
արդյունքում «ունենք այն, ինչ ունենք»: Նա համոզմունք հայտնեց, որ
կերպարվեստի գովազդը հենց արվեստբանների վերլուծությունները, անգամ
քննադատությունները պետք է լինեն, ինչն այսօր չի լուսաբանվում
առհասրակ: