Մարի Լ. Յովանովիչն արժանացել է ԱՄՆ-ի պետքարտուղարի 2009թ.-ի
«Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակին
14-12-2009 16:22:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղարը
2009թ.-ի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը
շնորհել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչին: Այս մասին
«ՆՏ»-ին հայտնեցին ԱՄՆ դեսպանատնից:
«Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա
մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի այն դեսպանին, ով իր նշանակման երկրում
բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության
եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում:
Մարի Լ. Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար,
պետքարտուղար Հ.Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման
ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը
մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը, որպես Հայաստանի եւ
ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների կարՅոր բաղադրիչ, խթանելու
եւ պաշտպանելու հարցում:
Պետքարտուղարը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա
ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունն ուղղված 2008թ.-ի
փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո
ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ
քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերն ուղղված
Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ
ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ
մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների
ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից,
քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից»,- ասել է
Մ.Յովանովիչը: Նա միաժամանակ նշել է, որ 18 տարիների ընթացքում
Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների
ոլորտում դեռ շատ անելիք կա: