Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում Վրաստանի<br /> իշխանություններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն քայլեր<br /> ձեռնարկել վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն<br /> կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար<br />


Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում Վրաստանի
իշխանություններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն քայլեր
ձեռնարկել վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն
կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար

  • 20-11-2009 20:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ նոյեմբեր 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը, որը քննարկել է Վիրահայոց թեմի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման խնդիրը: Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունել հայտարարություն, որում ասվում է. «Գերագույն հոգեւոր խորհուրդը ցավով է հաստատում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը: Գերագույն հոգեւոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդյունք մնացին Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը` Վրաստանի Հանրապետության իշխանությունների եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ բանակցությունների ճանապարհով կարգավորելու Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի եւ հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Հիշյալ խնդիրների կարգավորման մեջ վրացական կողմի դրսեւորած հանիրավի ձգձգումների հետեւանքներից է նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի Հանրապետության իշխանությունները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Հայկական սրբավայրերի պահպանության ուղղությամբ վրաց պետության դրսեւորած անտարբերությունը որեւէ կերպ չի համատեղվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եւ նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ վրաց պետության կողմից մշտապես հնչեցվող հայտարարություններին եւ միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորություններին: Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի Հանրապետության իշխանություններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման եւ հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play