ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է Լեհաստանի հայկական<br /> համագումարի աշխատատանքներին<br />


ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է Լեհաստանի հայկական
համագումարի աշխատատանքներին

  • 20-08-2009 19:02:00   | Լեհաստան  |  Հասարակություն
ՎԱՐՇԱՎԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օրերս մասնակցել է Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարի աշխատանքներին: Ինչպես նշվում է ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունում, լեհահայ համայնքը դեռեւս 15-րդ դարից հյուրընկալ երկրի բարձրագույն ատյանում պաշտոնապես ճանաչված համայնքն է: Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Լեհաստանում բնակվում է 25-30 հազար հայ, որոնք հիմնականում բնակվում են Վարշավայում, Կրակովում, Լոդզում, Վրոցլավում, Գդանսկում, Կոշալինում, Գրիֆիցեում, Ռոդոնում, Կոլոբժեկում եւ այլուր: Գրիֆիցե քաղաքում հայկական 21 համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացած Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնադիր համագումարում քննարկվել են «Լեհաստանի հայկական համայնքային կազմակերպությունների հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Զեկուցումներով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, այնուհետեւ տեղի են ունեցել ակտիվ եւ բուռն քննարկումներ: Համագումարն ընտրել է 21 հոգուց բաղկացած համայնքային ղեկավար մարմին` խորհուրդ: Համայնքի նախագահ է ընտրվել գործարար Կարեն Հովսեփյանը: Համագումարի պատվիրակների առաջարկով հայկական համայնքների համալեհական կազմակերպությունն անվանակոչվել է «Լեհաստանի հայկական համագումար»: Համագումարն ընդունել է նաեւ Հռչակագիր: ՀՀ Սփյուռքի նախարարն այցելել է Կոլոբժեկ եւ Կոշալին քաղաքներ: որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարին ուղեկցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը եւ «Լեհաստանի հայկական համագումար» կազմակերպության նախագահ Կարեն Հովսեփյանը: Ինչպես համագումարում, այնպես էլ նշված հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները սփյուռքի նախարարի առջեւ բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնցից առավել ուշագրավ էին, Լեհաստանում բնակվող 16 տարին լրացած պատանիների զինհաշվառման եւ անձնագրավորման խնդիրները, հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը, հայ պատանիների կրթությանն ու զինծառայությանը, համայնքի կրթամշակութային խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարը սիրով պատասխանել է հուզող բոլոր հարցերին, ներկայացրել ՀՀ օրենսդրության պահանջները, ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները տվյալ ոլորտում:
Նոյյան տապան  -   Հասարակություն