ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ 122 ԱՆՈՒՆ<br /> ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ 500-700 ՏՊԱՔԱՆԱԿՈՎ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ 122 ԱՆՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ 500-700 ՏՊԱՔԱՆԱԿՈՎ

  • 29-01-2007 15:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2007թ.-ին պետպատվերի շրջանակում նախորդ տարվա մոտ 130-ի փոխարեն կհրատարակվի 122 անուն մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային, հոբելյանական եւ թարգմանական գրականություն, եւ այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալությանը հատկացրել է 135 մլն 400 հազար դրամ (մոտ 370 հազար ԱՄՆ դոլար): Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը, առաջին անգամ հայերենով կհրատարակվի Սերգեյ Դովլաթովի «Զոնա» ժողովածուն, իսկ ռուսերենով` Խաչիկ Դադայանի «Հայերը եւ Բաքուն» աշխատությունը: Այս տարի դպրոցահասակների համար կհրատարակվի նաեւ «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» հանրագիտարանը: Ըստ Ս.Գեղամյանի, 2002թ.-ից սկսած պետպատվերի շրջանակներում հրատարակվում է 120-130 անուն գիրք, ինչը համարժեք է նախկինում հրատարակվող գրքերի քանակին, սակայն տպաքանակով դեռեւս զիջում է խորհրդային տարիների ցուցանիշին. եթե նախկինում հրատարակվում էին 50-100 հազար տպաքանակով, ապա ներկայումս` 500-700 տպաքանակով: Միեւնույն ժամանակ, Ս.Գեղամյանի դիտարկումներով, գրքի հանդեպ պահանջարկը մեծացել է, որի մասին են վկայում 2005-2006թթ.-ին Երեւանում 5-6 նոր գրախանութների բացումը: Տեղեկացնելով, որ ներկայումս Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ ռուսալեզու գրականություն, Ս.Գեղամյանը նշեց, որ դա չի նշանակում, որ հայերենով հրատարակված գրքերը պահանջարկ չունեն: Գրեթե չի վաճառվում հայերենով հրատարակված գեղարվեստական գրականություն, իսկ մանկական, գիտահանրամատչելի եւ հանրագիտարանային գրականությունը վաճառվում են մեծ քանակությամբ: Ըստ Գեղամյանի, ընթերցողները նախընտրում են կարդալ անցյալում ստեղծված գործերը. ժամանակակից գրողներն իրենց չեն հրապուրում: Այնուամենայնիվ, ըստ նրա, չպետք է անտեսել ժամանակակից գրողներին եւ անհրաժեշտ է հրատարակել եղած գրականությունը, որպեսզի հետագայում այն ուսումնասիրվի եւ գնահատվի գրականագետների կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն