ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 23-01-2007 19:46:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 23-ին ամփոփվեցին Հայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) հայտարարած «Վահան Թեքեյան» ամենամյա մրցույթի արդյունքները եւ մրցանակներ հանձնվեցին 2005թ.-ին ստեղծված գործերի համար: Միաժամանակ ամփոփվեցին նաեւ միության սահմանած «Արա եւ Մարալ» մանկապատանեկան մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ մտավորականներ: Ա.Մարգարյանը նշեց, որ ՀԹՄՄ-ի մրցանակները շնորհվում են այն արվեստագետներին, ովքեր իրենց ավանդն են ներդնում հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում: «Կարեւոր չէ, թե որտեղ են ապրում այդ արվեստագետները` Հայաստանում, թե Սփյուռքում, կարեւորը, որ հոգով հայ են»,- նշեց վարչապետը: Իսկ պետությունը, ըստ նրա, արվեստագետներին աջակցելու համար կանի հնարավորինը: «Վահան Թեքեյան» մրցույթի հաղթողներին 1000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգեւներ հանձնվեցին 11 անվանակարգերում: Գրականության անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը հետմահու շնորհվեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին` «Վերջին զանգ» գրքի համար: Հումանիտար գիտությունների անվանակարգում մրցանակ շնորհվեց Արգամ Այվազյանին` «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» գրքի համար: Կերպարվեստի ասպարեզում հաղթող ճանաչվեց Սարգիս Համալբաշյանը: Նրան մրցանակ շնորհվեց «Պար» կտավի համար: «Գեղարվեստական լուսանակարչություն» անվանակարգում սահմանված մրցանակին արժանացավ Սամվել Սեւադան` հայ մտավորականների դիմանկարների շարքի համար, իսկ «Քանդակ» անվանակարգում մրցանակը շնորհվեց երկու քանդակագործների` Արտո Չաքմաքչյանին «Քայլող մարդը» եւ Սամվել Ղազարյանին «Երաժիշտները» քանդակների համար: «Երաժշտություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Օհան Դուրյանը` 2005թ.-ի համերգային ծրագրերի համար: Հեռուստառադիոլրագրության բնագավառում հաղթող ճանաչվեց Արա Շիրինյանը` «Անդրանիկ Իոսիֆյան» հեռուստատեսային ֆիլմի համար, իսկ «Ազգ» օրաթերթում հրապարակված հոդվածների համար մրցանակի արժանացավ Հակոբ Չաքրյանը: «Թատրոն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երվանդ Ղազանչյանը` Բեյրութի Վ.Փափազյան թատերախմբի հետ բեմադրած «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման համար, իսկ «Սոցիալ-քաղաքական երգիծանք» մրցանակը շնորհվեց Վարդան Պետրոսյանին` «Վերելք» եւ «Ինչ անել» ներկայացումների համար: «Արա եւ Մարալ» մրցանակի արժանացավ Ռոբերտ Սահակյանցը` «Տիգրանակերտ» անիմացիոն ֆիլմի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play