ԵՐԵՎԱՆԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱՏԱՐՎԵՆ 1 ՄԼՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՊՌՈՇՅԱՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԿԱՏԱՐՎԵՆ 1 ՄԼՆ
ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

  • 20-09-2006 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Պռոշյանի կոնյակի գործարանը այս տարի նախատեսում է մթերել 6000 տոննա խաղող, 1000 տոննա խնձոր: Իսկ որոշ մրգատեսակների` թթի, հոնի, մոշի եւ սալորի, մթերման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ձեռնարկության գործադիր տնօրեն Արմեն Գասպարյանը, այս տարի, մասնավորապես, մթերվել է 2000 տոննա թութ եւ 400 տոննա հոն: Առաջիկայում կսկսվի նռան մթերումը, իսկ դեկտեմբերին` սերկեւիլի: Ա.Գասպարյանը նշեց նաեւ, որ անցած տարվա համեմատ խաղողի եւ խնձորի մթերման գները մնացել են անփոփոխ` 1 կգ-ի համար, համապատասխանաբար 120-130 դրամ (մոտ 0,4 ԱՄՆ դոլար) եւ 15 դրամ: Ամեն տարի գործարանը խաղողագործների հետ կնքվում է պայմանագրեր, նրանց տրամադրվում բուժանյութեր, իսկ խաղողագործները պարտավորվում են որոշակի քանակությամբ խաղող հանձնել գործարանին: Գործարանը, որը մասնագիտացված է հիմնականում գինու եւ կոնյակի արտադրության մեջ, մի քանի տարի է, ինչ սկսել է արտադրել նաեւ թթի, հոնի եւ ծիրանի օղի, որը, ըստ Ա.Գասպարյանի, մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում: Գործարանում արտադրվող գինիների տեսականին` խաղողի եւ մրգային (նռան, խնձորի, բալու), հասնում է 14-ի: Այս տարվանից գործարանը կարտադրի նաեւ սալորի գինի, ինչը, ըստ Ա.Գասպարյանի, նորություն է ամբողջ աշխարհում: Գործարանում արտադրվում են նաեւ 7-8 տեսակի 3-15 տարվա հնությամբ կոնյակներ: Պռոշյանի գործարանի արտադրանքի 40%-ը արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան եւ ԱՄՆ: «Հայկական գինիները իրենց որակական հատկություններով չեն զիջում արտասահմանյան գինիներին: Այդ պատճառով մենք արտաքին շուկայում որեւէ խնդիր չունենք»,- նշեց Ա.Գասպարյանը: Ա.Գասպարյանը հայտնեց նաեւ, որ այս տարի գործարանում նախատեսվում է կատարել շուրջ 1 մլն դոլարի կապիտալ ներդրումներ, իսկ արտադրոթյան ծավալները ավելացնել 20%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն