ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԻՍԱՀԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ
130-ԱՄՅԱԿԸ
29-05-2006 19:20:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խորհրդային Հայաստանի
առաջին ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած անվանի բեմադրիչ,
դերասան եւ թատրոնի շինարար Իսահակ Ալիխանյանի ծննդյան 130-ամյակին
էր նվիրված մայիսի 29-ին Հայաստանի Թատերական գործիչների
միությունում կայացած հուշ-ցերեկույթը:
Իսահակ Ալիխանյանն իր հարուստ ու բազմազան թատերական
գործունեությամբ ուրույն տեղ ունի հայ թատրոնի պատմության մեջ,-
ընդգծեց օրվա բանախոս, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային
ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Նրա
խոսքերով, երիտասարդ սերունդը գրեթե չի ճանաչում Ալիխանյանին, իսկ
նրա գործընկերներն ու սերնդակիցներն այլեւս չկան, սակայն այդ փաստն
ամենեւին էլ չի ստվերում մեծ դերասանի անցած բեղմնավոր ուղին:
Իսահակ Ալիխանյանը սկզբնական շրջանում խաղացել է Բաքվի
հայկական թատրոնում, ապա տեղափոխվել է Թբիլիսիի հայկական թատրոն:
Նա մի քանի այլ դերասանների հետ 1922 թ. Թբիլիսից հրավիրվել է
Երեւան` հիմնադրելու Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական
ակադեմիական թատրոնը: Մայր թատրոնի բեմում անվանի դերասանը
բեմադրել է Սունդուկյանի «Պեպո»-ն եւ միաժամանակ խաղացել գլխավոր
հերոսի` Պեպոյի դերը: Իր կյանքի մի կարճ շրջան ապրելով եւ
աշխատելով Երեւանում` տաղանդավոր դերասանն ու բեմադրիչը հետագայում
վերադարձել է Թբիլիսի: