ԱՆԴՐԵԱՍ ԳՐՈՍ. ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ<br /> ԿՀԱՆՁՆԱՐԱՐՎԻ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՐՑԸ<br />


ԱՆԴՐԵԱՍ ԳՐՈՍ. ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
ԿՀԱՆՁՆԱՐԱՐՎԻ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՐՑԸ

  • 29-05-2006 17:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները մինչեւ վերջին պահը կքննարկեն Ադրբեջանի պատվիրակության մանդատը վեհաժողովի ամառային նստաշրջանում վերանայելու առաջարկությունը,- հայտարարել է ԵԽ-ի հանդեպ այդ հանրապետության կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցող Անդրեաս Գրոսը: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», կիրակի օրը ճեպասուլիսի ժամանակ Ա.Գրոսն այդ քայլը բացատրել է նրանով, որ մայիսի 13-ի կրկնական խորհրդարանական ընտրություններում «արմատական փոփոխություններ տեղի չունեցան 2005 թվականի նոյեմբերյան ընտրությունների համեմատությամբ»: «Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ընտրությունների արդյունքների առաջիկա քննարկմանը եւս քննադատությունը ավելի քիչ չի լինի, քան դա եղավ հունվարին վեհաժողովի նստաշրջանում»,- նկատել է փորձագետը: «Մենք զգում ենք, որ իրականում Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն փոփոխություններ մտցնելու ընտրական օրենսգրքում` պարիտետի հիման վրա ընտրական հանձնաժողովների կազմը փոփոխելու նպատակով, թեեւ դա հիմնական պայման է ապագայում ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»,- ասել է ԵԽԽՎ-ի մյուս համազեկուցող Անդրես Հերկելը: Այդուհանդերձ Ա.Հերկելը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԽԽՎ-ի համազեկուցողներին ներկա այցի ընթացքում մերժել են հանդիպել ձերբակալված Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւի հետ, որին անձամբ Ա.Հերկելը համարում է քաղբանտարկյալ: Դրանից բացի, համազեկուցողներին մերժել են հնարավորություն ընձեռել տեսակցելու որոշ այլ ձերբակալվածների հետ, մասնավորապես երիտասարդական «Ենի ֆիքիր» շարժման ակտիվիստների, այդ թվում կազմակերպության ղեկավար Ռուսլան Բաշիրլիի հետ: Դրանից բացի, Ա.Հերկելը դժգոհություն է հայտնել Բաքվում «Բիզիմ յոլ» թերթի գլխավոր խմբագիր Բահաթդին Գազիեւին ծեծելու առնչությամբ, որն ամենեւին ադրբեջանցի լրագրողի վրա իր մասնագիտական գործունեության հետ կապված ճնշում գործադրելու առաջին փաստը չէ: Այդ կապակցությամբ Ա.Գրոսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել երկրում ժողովրդավարական մթնոլորտի բարելավման համար: Ըստ որում համազեկուցողը նշել է, որ Ադրբեջանի նախագահին շրջապատող օլիգարխները` հիմնվելով զուտ նավթային եկամուտների վրա, իզուր չեն մտածում երկրի ժողովրդավարական զարգացման մասին ավելի հեռու հեռանկարում, երբ հանրապետության նավթի պաշարները կսպառվեն, իսկ այդ օլիգարխների աջակցությունը ի դեմս ԱՄՆ-ի նախագահ Ջ.Բուշի արդեն չի լինի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play