ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ 24 ՌՈՒՍ<br /> ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ 24 ՌՈՒՍ
ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ

  • 14-09-2005 19:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Ռուսաստանի տարվա կապակցությամբ Երեւան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային պատկերասրահին է նվիրաբերել 24 ռուս գեղանկարիչների աշխատանքներ: Այս մասին Վալենտինա Մատվիենկոն հայտարարեց սեպտեմբերի 14-ին պատկերասրահում այդ աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Տիկին Մատվիենկոն հույս հայտնեց, որ այս աշխատանքներն իրենց արժանի տեղը կգտնեն պատկերասրահի Ռուս նկարիչների բաժնում: Նա նշեց նաեւ, որ բազմաթիվ հայ նկարիչներ իրենց կրթությունը ստացել են Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում եւ դաստիարակվել ռուսական գեղանկարչության ավանդույթներով: Տիկին Մատվիենկոյի խոսքերով, 1703 թ. հիմնադրված Սանկտ Պետերբուրգում առաջին հայերը հաստատվել են դեռեւս 1708 թվականից, որոնք իրենց գործնական, գիտական ու մշակութային գործունեությամբ ներազդել են քաղաքի կայացմանն ու զարգացմանը: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Գագիկ Գյուրջյանի համոզմամբ, այս այցելությունը կդառնա յուրատեսակ կամուրջ վերականգնելու երկու ժողովուրդների միջեւ արդեն ձեւավորված ավանդական գիտամշակութային եւ կրթական գործակցությունները: «Վերջին անգամ ես Հայաստանում եղել եմ 18 տարի առաջ: Մենք ժամանեցինք գիշերով, սակայն շատ հաճելի էր, որ քաղաքը լուսավորված էր, իհարկե, այնքան լուսավոր չէր, որքան Նյու Յորքը, եւ պետք էլ չէ: Երեւանը Երեւանն է` իր հատուկ հմայքով, իր ձգողականությամբ, առեղծվածներով եւ գաղտնիքներով»,- նշեց Սանկտ Պետերբուրգի Մշակույթի կոմիտեի նախագահ Վ. Բուրովը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play