ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ 24 ՌՈՒՍ
ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ
14-09-2005 19:25:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Ռուսաստանի
տարվա կապակցությամբ Երեւան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետ
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի
Ազգային պատկերասրահին է նվիրաբերել 24 ռուս գեղանկարիչների
աշխատանքներ: Այս մասին Վալենտինա Մատվիենկոն հայտարարեց
սեպտեմբերի 14-ին պատկերասրահում այդ աշխատանքների ցուցահանդեսի
բացմանը: Տիկին Մատվիենկոն հույս հայտնեց, որ այս աշխատանքներն
իրենց արժանի տեղը կգտնեն պատկերասրահի Ռուս նկարիչների բաժնում:
Նա նշեց նաեւ, որ բազմաթիվ հայ նկարիչներ իրենց կրթությունը ստացել
են Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում եւ դաստիարակվել
ռուսական գեղանկարչության ավանդույթներով:
Տիկին Մատվիենկոյի խոսքերով, 1703 թ. հիմնադրված Սանկտ
Պետերբուրգում առաջին հայերը հաստատվել են դեռեւս 1708 թվականից,
որոնք իրենց գործնական, գիտական ու մշակութային գործունեությամբ
ներազդել են քաղաքի կայացմանն ու զարգացմանը:
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Գագիկ Գյուրջյանի
համոզմամբ, այս այցելությունը կդառնա յուրատեսակ կամուրջ
վերականգնելու երկու ժողովուրդների միջեւ արդեն ձեւավորված
ավանդական գիտամշակութային եւ կրթական գործակցությունները:
«Վերջին անգամ ես Հայաստանում եղել եմ 18 տարի առաջ: Մենք
ժամանեցինք գիշերով, սակայն շատ հաճելի էր, որ քաղաքը լուսավորված
էր, իհարկե, այնքան լուսավոր չէր, որքան Նյու Յորքը, եւ պետք էլ
չէ: Երեւանը Երեւանն է` իր հատուկ հմայքով, իր ձգողականությամբ,
առեղծվածներով եւ գաղտնիքներով»,- նշեց Սանկտ Պետերբուրգի
Մշակույթի կոմիտեի նախագահ Վ. Բուրովը: