ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ<br /> ՏՐԱՄԱԴՐԵԼ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ

  • 10-01-2008 20:00:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանն արգելում է խանութներում եւ հանրախանութներում անվճար պոլիէթիլենային տոպրակներ տալ գնորդներին: Ինչպես հայտնում է CNN-ը, վկայակոչելով Չինաստանի կառավարությանը, գնորդները ստիպված կլինեն վճարել այդպիսի տոպրակներ օգտագործելու համար: Այս կարգը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից եւ միտված է կրճատելու աղբի այդ մեծ աղբյուրը: Այսպիսի տոպրակներ արգելվում է օգտագործել նաեւ հասարակական տրանսպորտում` ավտոբուսներում, գնացքներում, ինքնաթիռներում, ինչպես նաեւ օդանավակայաններում եւ տեսարժան վայրերում: Նոր կարգը խախտող ընկերությունները կտուգանվեն: Հնարավոր է նաեւ նրանց ապրանքների առգրավում: Խանութներին հանձնարարվել է հստակորեն նշել պոլիէթիլենային տոպրակների գինը, եւ ոչ թե այն ներառել այլ ապրանքների գնի մեջ: Բնապահպանական կազմակերպությունները ողջունել են Չինաստանի որոշումը, իսկ «Worldwatch Institute»-ի նախագահ Քրիստոֆեր Ֆլեյվինն ասել է, որ Չինաստանն այս հարցում առաջ է անցել Միացյալ Նահանգներից: Չինացիները օրական մինչեւ 3 մլրդ պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում: Հաճախ այդ տոպրակները միայն մեկ անգամ են օգտագործվում: Ըստ Չինաստանի կառավարության հայտարարության` պոլիէթիլենային տոպրակները, սպառողների համար հարմարավետ լինելով հանդերձ, հանգեցնում են ռեսուրսների անխնա վատնման եւ շրջակա միջավայրի աղտոտման` չափազանց հաճախ օգտագործվելու, ինչպես նաեւ վերամշակման ցածր ծավալների պատճառով: Խիստ բարակ տոպրակները, որոնք հեշտությամբ պատռվում են, այսպես կոչված «սպիտակ» աղտոտման հիմնական աղբյուրն են: Ըստ երկրի կառավարության` պետք է խրախուսել մարդկանց, որ վերջիններս նորից սկսեն կտորից պատրաստված տոպրակներ եւ զամբյուղներ օգտագործել: Նշենք, որ նմանատիպ կարգ գործում է Ուգանդայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Բանգլադեշում, ինչպես նաեւ Սան Ֆրանցիսկոյում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play