ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ<br /> ԲՈՂՈՔՆԵՐԻՆ<br />


ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ
ԲՈՂՈՔՆԵՐԻՆ

  • 04-05-2004 15:35:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի կողմից Հայոց ցեղապանության ժխտման կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից ստացված բողոքի հարյուրավոր, այդ թվում էլեկտրոնային նամակներն անտեսելուց հետո, Մեծ Բրիտանիայի կառավարությունը ի վերջո բարեհաճեց պատասխանել նման մի նամակի: Շվեյցարիայի Հայերի միությունը մարտի 30-ին նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ջեք Սթրոյին, որում նշում է, որ «ցնցված է» Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարություններից: Շվեյցարիայի Հայերի միությունը քննադատում է «Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքական նկատառումներով թելադրված դժկամությունը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը ... ելնելով տնտեսական սխալ հաշվարկներից եւ քաղաքական շահից»: Շվեյցարիայի Հայերի միությունը նաեւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը «կարողացավ տակնուվրա անել ամբողջ աշխարհի հայերի հոգում խորը արմատներ ունեցող զգացմունքները: Հետեւաբար, տարօրինակ է, թե ինչպես կարող է նա դեսպան լինել մի երկրում, որի բնակիչները վիրավորված են իրենից: Նվազագույնը, որ պետք է արվի, նրա ներողություն խնդրելն է: Այլապես համապատասխան դիվանագիտական քայլ պետք է կատարվի, որպեսզի ինչ-որ չափով մեղմանա Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի զգացմունքների այս վիթխարի ալիքը` հուսալքության, վշտի եւ զայրույթի մի խառնուրդ: Հապաղումը չի նպաստի իրավիճակի կարգավորմանը»: Արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով պատասխանատու Շոն Ռունին ապրիլի 21-ի իր նամակում հայտնել է Շվեյցարիայի Հայերի միությանը, որ ինքը արձագանքում է «1915-1916 թթ. իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում մեր դեսպան Թորդա Էբոթ-Ուոթի կողմից վերջերս մի հայ լրագրողի համար արված որոշ մեկնաբանություններին, որ լայնորեն լուսաբանվել են ... Այս մեկնաբանությունները հայ անհատների եւ կազմակերպությունների կողմից բազմաթիվ արձագանքների առիթ հանդիսացան` ուղղված ինչպես դեսպանին, այնպես էլ արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությանը: Հիշյալ խնդրի վերաբերյալ ձեր եւ մեզ դիմած այլոց տեսակետները հաշվի են առնվել»: Ինչպես եւ սպասվում էր, պարոն Ռունին պաշտպանել է Նորին Մեծության կառավարության եւ դեսպան Էբոթ-Ուոթի ժխտողական դիրքորոշումը: Նա գրել է. «Մեր դեսպանը պատասխանել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած սարսափելի ողբերգության նկատմամբ Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշման մասին հարցին: Իրավացիորեն, ինչպես եւ մենք պետք է ակնկալեինք, նա ներկայացրել է այն դիրքորոշումը, որ քաջ հայտնի է եւ վաղուց է հաստատված: Մենք գիտակցում ենք, որ այս խնդիրը զգայուն է Հայաստանի համար, եւ մեր դեսպանը կարող է միայն ափսոսալ, որ իր պատասխանը վիրավորել է հայերին: Այդուհանդերձ, նա չէր կարող անել այլ բան, քան ազնվորեն պատասխանել իրեն տրված հարցին, եւ դա անելով` նա ճշգրիտ կերպով ներկայացրել է իր կառավարության տեսակետը, ինչում վայելում է մեր աջակցությունը»: Ինչպես ես նախկինում նշել եմ, եւ դատելով պարոն Ռունիի նամակի տոնից ու բովանդակությունից, դեսպան Էբոթ-Ուոթն այս բանավեճի իրական մեղավորը չէ: Նա պարզապես կրկնում է Մեծ Բրիտանիայի կառավարության ժխտողական դիրքորոշումը: Նրա դժբախտությունն այն է, որ նման լուրջ վիրավորանք հասցնելուց հետո ստիպված է ամեն օր հանդիպել հայերին, մինչ իր ղեկավարները կարող են նման անամոթ հայտարարություններ անել հարաբերականորեն ապահով բրիտանական կղզիներից: Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «1915-16 թթ. իրադարձություններ» եւ «սարսափելի ողբերգություն»` պարոն Ռունին կրկնում է թուրք պաշտոնատարների ժխտողական դիրքորոշումը: Մենք կոչ ենք անում ընթերցողներին բողոքի նամակներ հղել պարոն Ռունիին հետեւյալ հասցեով` Արեւելյան բաժին, արտաքին գործերի եւ համագործակցության նախարարություն, Քինգ Չարլզ փողոց, Լոնդոն SW1A 2AH, ՄԹ; հեռախոս` 011-44-20-7008-3828; ֆաքս: 011-44-20-7008-2164; էլ. փոստ` [email protected] (Mr. Sean Rooney, Eastern Dept., Foreign & Commonwealth Office, King Charles Street, London SW1A 2AH, UK; Phone: 011-44-20-7008-3828; Fax: 011-44-20-7008-2164; E-mail: [email protected]):
Նոյյան տապան  -   Վերլուծություն