Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստվում է թողարկել 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ


Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստվում է թողարկել 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

  • 30-09-2011 12:49:19   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստվում է թողարկել 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ, որն արտաքին տեսքով հիմնականում նման է ներկայումս շրջանառության մեջ գտնվողին: 2011թ.-ի թողարկման 1000 դրամանոց թղթադրամ չափսերն են՝ 136 x 72 մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երեւում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ:Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը եւ բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝ կանաչը եւ մոխրագույնը: Ինչպես նշված է ԿԲ-ի մամլո հաղորդագրությունում, չնայած ընդհանրություններին, 2001 եւ 2011 թվականների թողարկման 1000 դրամանոցների միջեւ կան նաեւ որոշակի տարբերություններ: Մասնավորապես, դիմերեսում փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը, ավելացել է կինեգրամայով ժապավենաձեւ փայլաթիթեղ, Չարենցի դիմանկարը փոքրացվել եւ տեղաշարժվել է մի փոքր աջ, ձախ եւ աջ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ, չորս անկյունները սպիտակ են, դիմանկարի ներքեւի ձախ անկյունում պատկերված ձվաձեւ զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է: Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն եւ կանաչ գույներով, որի ներքեւի՝ կանաչ, մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի եւ հակառակը: (STEP®), «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերեւի աջ անկյուն: Պատուհանաձեւ պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play