Նինո Բուրջանաձեն չի հաստատում եւ չի հերքում իր ամուսնու՝ Բադրի Բիցաձեի, Հայաստանում գտնվելու մասին լուրերը


Նինո Բուրջանաձեն չի հաստատում եւ չի հերքում իր ամուսնու՝ Բադրի Բիցաձեի, Հայաստանում գտնվելու մասին լուրերը

  • 03-06-2011 17:25:34   | Վրաստան  |  Միջազգային
 Վրաստանի «Դեմոկրատական շարժման» առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ոչ հաստատում է, եւ ոչ էլ հերքում իր ամուսնու՝ սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի, Հայաստանում գտնվելու մասին լուրերը: «Անգամ եթե ես իմանայի, ապա չէի ասի»,- ուրբաթ օրվա ասուլիսում ասաց Ն.Բուրջանաձեն, մեկ անգամ եւս հայտարարելով որ իր ամուսինը անմեղ է: «Եթե Բիցաձեն մեղավոր է, ապա ինչու՞ է դատարանը գրավի վճարման մասին որոշում կայացրել»,- նշեց Ն.Բուրջանաձեն : Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 1-ին որոշում էր ընդունել Բադրի Բիցաձեի խափանման միջոցի փոփոխման դիմաց 100 հազար լարիի չափով գրավի վճարման մասին: Նա մեղադրվում է ոստիկանների վրա հարձակում կազմակերպելու մեջ: Բ.Բիցաձեի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ: Նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը եւս չի հերքել եւ չի հաստատել վրացական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը` ՆԳ նախկին փոխնախարար Բադր Բիցաձեն, գտնվում է Հայաստանի տարածքում: Բ.Բիցաձեին մեղադրվում է իշխանություններին զինված դիմադրության եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տարածել էր ընդդիմադիրների հեռախոսազրույցը, որտեղ նրանք քննարկում էին ոստիկանության դեմ պայքարի մարտավարությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային