Տիգրան Սարգսյան. «Մեր նպատակն էր գտնել արդյունավետ մեխանիզմներ...»


Տիգրան Սարգսյան. «Մեր նպատակն էր գտնել արդյունավետ մեխանիզմներ...»

  • 11-10-2011 15:35:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպած «Պետական եւ մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացմանը: Համաժողովին ներկա էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ հարկադիր կատարման ինստիտուտը մեր երկրում անցել է կայացման բարդ ճանապարհ: «Մեր նպատակն էր գտնել արդյունավետ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը եւ հանրության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Այդ տեսակետից, մեր օրենսդրությունը փուլ առ փուլ կատարելագործվել է եւ մենք պատրաստ ենք բոլորին ներկայացնել մեր կուտակած փորձը: Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել նաեւ միջազգային փորձը, մասնավորապես, մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդյունավետ կերպով է կիրառվում՝ չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայությանը»: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մեր երկրի ԴԱՀԿ համակարգում ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այս եղանակով կազմակերպեու նպատակով: «Կարծում ենք՝ այդ եղանակի ներդրումը ԴԱՀԿ-ի գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ, որով բարձրանում է նաեւ մեր քաղաքացիների վստահությունը վերջինիս նկատմամբ: Պետք է խոստովանել նաեւ, որ դեռեւս էլեկտրոնային եղանակով գործառույթների ծավալները մեծ չեն եւ դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդյունքում ինտերնետից օգտվողների քանակն սկսել է կտրուկ աճել: Եթե 2008-ին ունեինք ընդամենը 45 հազար ինտենետից օգտվող, ապա այդ թիվն այսօր հասնում է 341 հազարի: Սա մեզ հնարավորություն է տալիս նաեւ ԴԱՀԿ-ի բնագավառում կիրառել ժամանակակից մոտեցումներ եւ նրա գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ»: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ եւ օրենսդրական մեխանիզմներ՝ ԴԱՀԿ-ի աշխատանանքերի արդյունավետության բարձրացման նպատակով: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play