ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ


 

ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ

22-09-2010 15:03 Հայաստան Յօդուածներ
Իրաքահայ համայնքը կազմաւորուել է Հայոց ցեղասպանութիւնից փրկուած տարագիրներով, եղել Միջին Արեւելքի աւանդական եւ բարգաւաճ համայնքներից մէկը: Վերջին երեսուն տարիներին իրաքահայերը երեք պատերազմ են տեսել: Մինչեւ 2003-ի պատերազմն իրաքահայերի թիւը կազմել է 22.000-25.000, որից շուրջ 15-17.000-ը բնակուել է Բաղդադում, մնացեալը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք եւ հիւսիսային սահմանամերձ Զախոյ քաղաքներում: Ներկայումս հայերի թիւը մօտ 12.000-ի շրջանակներում է: Իրաքահայերը հիմնականում ներկայացուած են լուսաւորչական համայնքով (կան փոքրաթիւ կաթոլիկներ, Բաղդադում գործում է Հայ Կաթողիկէ եկեղեցի): Իրաքի Հայոց թեմն էջմիածնական է: Թեմի առաջնորդը ներկայումս Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանն է, որը վարում է համայնքի գործերը եւ ներկայացնում համայնքը պետութեան առաջ: Մայր եկեղեցին Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչն է, որը Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի աթոռանիստն է: 1932-ից մինչեւ օրս համայնքը գործում է ըստ Կանոնադրութեան (կամ Ազգային սահմանադրութեան), որը վաւերացուած է պետութեան կողմից: Համայնքի բարձրագոյն իշխանութիւնն ազգային կենտրոնական վարչութիւնն է, որն ընտրւում է չորս տարին մէկ եւ ունի իր ատենապետը: Վերջին ընտրութիւնները տեղի են ունեցել 2010թ. մայիս–յունիս ամիսներին: Վարչութեան ատենապետ է վերընտրուել Պարոյր Յակոբեանը: Ազգային կենտրոնական վարչութեան ընտրութեանը, որպէս կանոն, յաջորդում են թաղական խորհուրդների ընտրութիւնները: Իրաքում հայապահպանութեանը մեծ հարուած հասցրեց 1968թ. իշխանութեան եկած ,բաասէ կուսակցութեան` էթնիկ փոքրամասնութիւնների հարցում տարուող քաղաքականութիւնը, որի հետեւանքով մասնաւորապէս` 1972-ից, հայկական ազգային վարժարանները պետականացուեցին: Մեծ ջանքեր պահանջուեցին, որպէսզի գոնէ հնարաւոր դառնա հայերէնի եւ կրօնի ուսուցումն արդէն պետական դպրոցներում: Չնայած աւտորիտար վարչակարգի առկայութեանը` Սադամ Յուսեյնի իշխանութեան շրջանում (1979–2003) հայերն ապրել են ապահով եւ բարեկեցիկ կեանքով: Իրաքահայերը քաղաքական կեանքում որեւէ դերակատարում չեն ունեցել, ինչը բնորոշ է Միջին Արեւելքի հայկական գաղթօջախներին (բացառութեամբ` Լիբանանի): Իրաքահայերը զգալիօրէն տուժեցին իրանա-իրաքեան եւ իրաքա-քոււեյթեան պատերազմների տարիներին, սակայն ամենածանր հարուածը համայնքը կրեց 2003–2010թթ. ընկած ժամանակահատուածում: 2003թ. Ամն-ի կողմից Իրաքի օկուպացմամբ սկիզբ առած իրավիճակը երկրում ստեղծեց քաոս եւ անիշխանութիւն, որից տուժեցին ողջ Իրաքի քաղաքացիները` անկախ դաւանական կամ էթնիկ պատկանելութիւնից: Սակայն մասնաւորապէս ծայրայեղ արմատական իսլամական խմբաւորումներն իրենց պայքարի թիրախ էին դարձրել քրիստոնեաներին, այդ թւում նրանց, ովքեր որեւէ կերպ համագործակցում էին ամերիկացիների կամ կոալիցիոն ուժերի հետ: Երկրում ստեղծուած իրավիճակը նրանք դիտարկում էին որպէս պայքար իսլամական եւ քրիստոնէական աշխարհի` Արեւմուտքի միջեւ: Պատերազմի տարիներին բռնութիւններ իրականացուեցին իրաքցի (այդ թւում` հայ) բազմաթիւ քրիստոնեաների, քրիստոնեայ հոգեւորականների եւ մի շարք (այդ թւում հայկական) եկեղեցիների նկատմամբ: Մշտական էին դարձել փրկագին վճարելու դիմաց մարդկանց առեւանգելու եւ ահաբեկչութեան դէպքերը: Պատերազմի տարիներին Իրաքի հայ համայնքը էական վերաձեւումների ենթարկուեց, շեշտակիօրէն կրճատուեց համայնքի անդամների թիւը, կասկածի տակ դրուեց նրա յետագայ գոյութիւնը: Անվտանգութեան երաշխիքների բացակայութեան եւ երկրում սկիզբ առած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքով հազարաւոր իրաքահայեր հեռացան երկրից` հաստատուելով Ամերիկայում, Եւրոպայում, Միջին Արեւելքում (հիմնականում` Սիրիա, Յորդանան, Լիբանան), Հայաստանում: Յատկանշական է, որ բացի արտագաղթից, Իրաքում նշուած շրջանում սկիզբ առաւ նաեւ ներքին միգրացիայ: Հայերը տեղաշարժուեցին եւ շարունակում են տեղաշարժուել դէպի հիւսիս` Քուրդիստան, որտեղ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակը բաւական կայուն է: Չնայած առկայ դժուարութիւններին, համայնքը շարունակում է իր գոյութիւնը: Այժմ իրաքահայերը հիմնականում կենտրոնացած են Բաղդադում, որտեղ գործում են հայկական չորս եկեղեցի եւ ազգային հինգ միութիւն` Բաղդադի հայ երկսեռ երիտասարդաց միութիւնը, Իրաքի հայկական ընդհանուր բարեգործական միութիւնը, Բարեգործականի մարզական ակումբը, Հմըմ-ն, Իրաքահայ տիկնանց մշակութային միութիւնը: 2003-ից յետոյ` 2004–2005-ին, հայերն Իրաքում վերականգնեցին ազգային վարժարանի ինստիտուտը: Արդիւնքում` Բաղդադում բացուեց միակ հայկական ազգային վարժարանը, որը ներկայումս մօտ 130 աշակերտ ունի: Դպրոցը կից է մայր եկեղեցուն: Իրաքահայ ուսուցչուհիները ժամանակ առ ժամանակ վերապատրաստւում են Հայաստանում: Իրաքահայերը եկեղեցիներ, կրթական, մարզական եւ ազգային այլ հաստատութիւններ ունեն նաեւ Բաղդադից դուրս` հիմնականում Բասրայում, Քիրքուքում, Էրբիլում, Մոսուլում, Դոհուքում, Զախոյում, Աւզրուկում, Հաւրեզքում: Մէկական հայկական եկեղեցի կայ Բասրայում, Քիրքուքում, Զախոյում (Ս.Աստուածածին), Աւզրուկում (Ս.Վարդան), Մոսուլում, Դոհուքում: Երկու տարի առաջ, 2008-ին, եկեղեցի հիմնուեց Դոհուքում (Ս.Ներսէս Շնորհալի), ծրագրւում է նոր եկեղեցիներ կառուցել Էրբիլում եւ Հաւրեզքում: Որոշակիօրէն անմխիթար է վիճակը Մոսուլում: Այնտեղ կար երկու հայկական եկեղեցի, որոնցից մէկը կառուցուել է 1857-ին, իսկ միւսը նորակառոյց էր, որը նախքան օծուելն ու բացուելը` 2004-ին պայթեցուեց մի խումբ զինեալների կողմից: Հայերով է սկսել բնակեցուել Մոսուլի մօտ գտնուող Ալ-կոուշը: Դրա հարեւանութեամբ է գտնւում Աղաջանեան բնակավայրը, որի հիմնադրմանն աջակցել է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցութեան անդամ, քրիստոնեայ գործիչ Սարգիս Աղաջանը: Փաստօրէն, հայաբնակ բնակավայրերի ձեւաւորման գործընթաց է սկսուել քրդաբնակ շրջաններում, որոնք անվտանգ են եւ հայապահպանութեան տեսանկիւնից նոր նշանակութիւն են ձեռք բերել: Ասուածի ապացոյցն է Հաւրեզքը, որ հիմնուել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լեւոն փաշայ Շաղոյեանի ջանքերով 1920-ականներին: 1970-ականների վերջերին պետական եւ քրդական զօրամիաւորումների միջեւ բախումների հետեւանքով գիւղից հայ բնակչութիւնը դուրս է բերուել: Ընդհանրապէս, հիւսիսային` սահմանամերձ շրջանում գտնուող շատ բնակավայրեր դատարկուել են: Հաւրեզքը վերահիմնուել է 2005թ. Սարգիս Աղաջանի աջակցութեամբ: Նրա շնորհիւ Հաւրեզքում կառուցուել է 115 տուն: Վերաբնակուողները հիմնականում քաղաքաբնակներ են` Բաղդադից, Բասրայից, Մոսուլից: Իրաքի հայաբնակ գիւղական բնակավայրերից թերեւս ամենանշանաւորը քրդախօս հայերով բնակեցուած Աւզրուկն է: Գիւղն ունի եկեղեցի, նաեւ` դպրոց, թաղական խորհուրդ: Աւզրուկի հարեւանութեամբ են գտնւում Սումայլ գիւղաքաղաքը եւ Շիքանդալ գիւղը, որտեղ ասորիների կողքին ապրում են նաեւ հայեր: Յատկանշական է, որ Աւզրուկում ապրող հայերը թէեւ իրենց կենցաղավարութեամբ ու մշակոյթով աւելի մօտ են քրդերին, սակայն աչքի են ընկնում հայկական բարձր ինքնագիտակցութեամբ, ամուր կառչած են ազգային եւ կրօնական աւանդոյթներին: Նշենք, որ քրդախօս են նաեւ Զախոյ քաղաքի հայերը, որոնք այս շրջանը բնակեցրել են 1930-ականներից: Նրանք նոյնպէս հայկական աւանդոյթների կրողներ են: Յատկանշական է, որ իրաքեան Քուրդիստանի տարածաշրջանային` 111 տեղանոց խորհրդարանի անդամ է (2009-ից) հայազգի Արամ Շահէն Բաքոյեանը` աւզրուկցի, որը երկար տարիներ է, ինչ անդամագրուած է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցութեանը, որի ներկայիս առաջնորդը Մասուդ Բարզանին է: Արամ Բաքոյեանը ժամանակին եղել է Զախոյի հայկական թաղական խորհրդի անդամ: Իրաքի հայերը երկրի լիիրաւ քաղաքացիներն են, ունեն այն նոյն իրաւունքներն ու պարտաւորութիւնները, ինչ Իրաքի մնացած ժողովուրդները: Ներկայումս իրաքահայ համայնքն ակտիւօրէն համագործակցում է կրօնի հարցերով զբաղուող պետական մարմնի հետ: Հայ համայնքը բաւական լաւ փոխյարաբերութիւններ ունի թէ՛ սուննի, թէ՛ շիայ համայնքների եւ նրանց ղեկավարների հետ: Բաւական բարիդրացիական են յարաբերութիւններն էթնիկ այլ խմբերի, այդ թւում` քրդերի եւ թուրքմէնների հետ: Իրաքահայերն ակտիւ շփման մէջ են նաեւ քրիստոնեայ համայնքների հետ: Յատկանշական է, որ չնայած Իրաքում հայերը քրիստոնեաների մէջ թերեւս ամենափոքր թիւն են կազմում, Քրիստոնեայ համայնքների համայնքապետերի խորհրդի քարտուղարը Հայոց թեմի առաջնորդ Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանն է: Քրիստոնեաների ամենամեծ խումբը քաղդէացիներն են, յետոյ` ասորիները: Առհասարակ, Իրաքում են գտնւում հնագոյն քրիստոնէական եկեղեցիները, իսկ քրիստոնեաները կազմում են ներկայիս Իրաքի բնակչութեան մօտ երեք տոկոսը: Մինչեւ 2003թ. Իրաքի քրիստոնեաները հաշւուում էին մօտ մէկ միլիոն, սակայն արտագաղթի պատճառով նրանց թիւն էականօրէն նուազել է: Իրաքի քրիստոնեաները ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպում` իշխանութիւններից պահանջելով ուժեղացնել երկրի անվտանգութեան համակարգը: Փաստօրէն, ներկայիս իրաքահայ համայնքը ներքին լուրջ փոխոխութիւնների է ենթարկւում եւ յայտնուել է բարդ իրավիճակում: Աստիճանաբար աւելի ու աւելի դժուար է դառնում ազգային գոյապահպանութիւնն իսլամական միջավայրում, որը շեշտակիօրէն կրօնականացւում է: Աւելի են խորանում սոցիալական խնդիրները, շարունակւում է արտագաղթը: Իրաքահայ համայնքի ազգային կենտրոնական վարչութեան ատենապետ Պարոյր Յակոբեանի կարծիքով` իրաքահայերը, ինչպէս նաեւ Իրաքի մնացած քաղաքացիները, սպասում են երկրում քաղաքական ճգնաժամի յաղթահարմանը եւ նոր կառավարութեան ձեւաւորմանը, հակառակ դէպքում իրավիճակը վատթարացման կը գնայ, ինչն էլ կ'անդրադառնայ նաեւ հայ համայնքի վրայ: Հայերի յետագայ գոյութիւնն Իրաքում կապուած կը լինի այդ երկրում անվտանգութեան եւ բարեկեցութեան հաստատման, ինչպէս նաեւ էթնիկ փոքրամասնութիւնների նկատմամբ հանդուրժողական քաղաքականութեան հեռանկարի հետ: Սակայն մի բան պարզ է. Միջին Արեւելքի, այդ թւում` Իրաքի հայ համայնքները վերջին շրջանում, կապուած արտաքին ու ներքին տարաբնոյթ գործօնների հետ, ազգային գոյապահպանութեան հարցում կանգնած են լուրջ մարտահրաւէրների առջեւ: Արաքս Փաշայեան «Նորավանք»

 

 

Կարդացել են 67 անգամ