Քննարկվել են հյուսիսային երեք անցակետերի` Բագրատաշեն, Գոգավան և Բավրա, արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր
15-12-2011 11:14:51 | Հայաստան | Տնտեսություն
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փորձագետներին` պատվիրակության ղեկավար Ջորջիա Կուցիանայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:
Ինչպես հայտնում են ԱԱԽ-ից, հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքերի նախագծի մշակումը: 2012թ.-ի սկզբին նախատեսվում է շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկը, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական եւ տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ « Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին համապատասխան:
Հանդիպման ընթացքում քննարկվել եւ հստակեցվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի այս փուլում փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ծրագրի իրականացման արդեն իսկ որոշված ժամանակացույցի համաձայն: