Վլադիմիր Գասպարյան. Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ


Վլադիմիր Գասպարյան. Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ

  • 15-12-2011 19:12:53   | Հայաստան  |  Հասարակություն
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Երեւանի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, խոսելով օպերատիվ ծառայության աշխատանքի կարեւորության եւ առանձնահատկությունների մասին` ոստիկանության պետն ընդգծեց իր առանձնակի վերաբերմունքը համակարգի գործունեության այդ ոլորտի հանդեպ. «Ես աշխատելու եմ օպերատիվ անձնակազմի հետ: Ինքս օպերատիվ աշխատող եմ եղել եւ աշխատելու եմ ձեզ հետ: Ժամանակն է օպերատիվ աշխատանքով ամրագրել այն բոլոր հաջողությունները, ինչ մենք կունենանք արտաքին ծառայությունում: Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ուղղակի ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ»: Վլադիմիր Գասպարյանը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ առանց ոստիկանության բոլոր օղակների ուժեղացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման անհնար է լուրջ հաջողություն ակնկալել առանձին վերցված մեկ ոլորտում: Խոսելով օպերատիվ ծառայությունների խնդիրների մասին` ոստիկանության պետը հանձնարարել է կարճ ժամկետում պատշաճ մակարդակ ապահովել աշխատանքային եւ կատարողական կարգապահության ոլորտում, ուժեղացնել փոխգործակցությունը բոլոր այն ծառայությունների հետ, որոնք առնչվում են օպերատիվ ծառայությունների բնագավառին, սերտացնել կապը մարզային ստորաբաժանումների հետ: Միայն հստակ ու բազմակողմանի համագործակցության դեպքում, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը, հնարավոր կլինի հասնել լուրջ որակական տեղաշարժի: Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ընթացիկ աշխատանքին զուգահեռ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նախկին տարիներին կատարված ու չբացահայտված հանցագործությունների խնդիրը: Անդրադառնալով վերջին օրերին այս կարգի գործերի բացահայտումներին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է. «Տեսնո՞ւմ եք, տղե՛րք, որ ուզում եք, ստացվում է: Ստացվում է եւ՛ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, եւ արտոնյալ հետախուզվողներ բռնել... Եվ անընդհատ բռնվելու են իրենք»: Հանդիպման մասնակիցների համար անակնկալ էր, որ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հենց տեղում հրամաններ է ստորագրել, որոնցով խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք աշխատակիցներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play