«Նիգ Ապարան» ՀԲՀԿ նախագահ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը


«Նիգ Ապարան» ՀԲՀԿ նախագահ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը

  • 17-12-2011 16:37:28   | Հայաստան  |  Հասարակություն
Դեկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում կայացած «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 5-րդ հոբելյանական համագումարում կազմակերպության նախագահ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ընտրվեցին նաեւ կազմակերպության խորհուրդն ու նախագահությունը: Համագումարի ավարտին ընդունվեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետագա գործունեության ուղենիշները հաստատող բանաձեւ: Համագումարին մասնակցում էին ավելի քան 2040 պատվիրակներ եւ շուրջ 500 հյուրեր` մտավորականներ, գիտնականներ, գրողներ, ԱԺ պատգամավորներ, ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, պետական բարձրաստիճան այրեր, հայրենակցական միության արտասահմանյան երկրներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչներ: Համագումարի սկզբում կազմակերպության նախագահ Հայկազ Նավասարդյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով: Ըստ «Նիգ-Ապարան»-ի տարածած հաղորդագրության, նշվեցին միության կողմից Ապարանի տարածաշրջանում, հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Սյունիքում, Լոռիում, նաեւ Երեւանում կատարված բազում միջոցառումներն ու այլ կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես շեշտվեցին 1918 թվականի մայիսյան հաղթանակներին նվիրված Բաշ-Ապարանի ճակատամարտի, Ամանորին նվիրված, արդեն ավանդական դարձած «Հին Նոր Տարի», 2006 թվականից մեկնարկած «Միասնության ծառատունկի» ամենամյա միջոցառումները: Նշվեց նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած եւ նախարարության «Արի Տուն» ծրագրի հիմնը դարձած «Արի Տուն» երգի շնորհանդեսը, որը համատեղ կազմակերպվել էր հայրենակցական միության եւ Սփյուռքի նախարարության կողմից: Միության կատարած աշխատանքների արդյունավետության եւ պետական մարմինների կողմից որպես առանձնահատուկ կարեւորության ակնառու օրինակ շեշտվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2010 թվականին կնքված հուշագիրը` բնության պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: ««Նիգ Ապարան» ՀՄ գործունեության ամենամեծ ձեռքբերումը, որը այլեւս անշրջելի է, դա տարիների ընթացքում աննկատ ձեւավորված, բայց այսօր արդեն անհերքելի իրողություն դարձած մեր միասնությունն է»,- իր խոսքում շեշտեց միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա պատահական չհամարեց, որ «Նիգ Ապարան»-ի գործունեությունը ասոսացվում է միասնության, հայրենասիրության հայրենի եզերքն արժեվորելու հոգեկերտվածքի գաղափարի հետ: Աղվան Հովսեփյանը` անդրադառնալով «Նիգ Ապարանի» գործունեությանն երբեմն քաղաքական ենթատեքստ տվող հայտարարություններին, առանձնահատուկ շեշտեց. ««Նիգ Ապարանը» իր գործունեությամբ զորացնում է պետականությունը, սերմանում է պետական մտածելակերպ եւ երբեւէ չի զբաղվել, չի զբաղվում եւ չի զբաղվելու քաղաքականությամբ»: ««Նիգ Ապարան» հայրենակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպության աշխատանքներին օժանդակելու, համագործակցելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք պետական եւ հասարակական գործիչների շնորհվեց «Մեր Բարեկամ» կոչումը: Հայրենակցական միության պատվավոր նախագահի կողմից ?Մեր Բարեկամե շքանշանով պարգեւատրվեցին ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play