ԵԺԿ-ն պատրաստակամ է աջակցել հայաստանյան ընտրություններն եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու հարցում


ԵԺԿ-ն պատրաստակամ է աջակցել հայաստանյան ընտրություններն եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու հարցում

  • 07-03-2012 20:03:59   | Բելգիա  |  Քաղաքական

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 7-ին հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ խնդիրները քննարկելու համար: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը հանդիպման պատեհ առիթն օգտագործելով ՝ եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԵԺԿ-ին հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության գործում պարոն Մարտենսի անձնական աջակցության համար, նշելով, որ համաեվրոպական մեծ ժողովրդավարություն վայելող ԵԺԿ-ին անդամակցելը հայաստանյան կուսակցությունների համար եվրոպական քաղաքական դաշտին լիարժեք ինտեգրման գործում մեծ խթան կհանդիսանա: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ երկխոսությանը, մի շարք ուղղություններով եվրոպական կառույցների հետ հաջողությամբ իրականացվող համագործակցությանն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, իր բրյուսելյան աշխատանքային այցի արդյունքներին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին: ՀՀ նախագահը եւ ԵԺԿ նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել ընտրությունները եվրոպական չափանիշներին հարիր անցկացման հարցում ԵԺԿ-ի հարուստ փորձի օգտագործման եւ խորհրդատվական աջակցության վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիլֆրիդ Մարտենսին՝ այդ հարցում եւս աջակցության պատրաստակամության համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play