ՀՀ վարչապետն ծանոթացել է դեղագործական ընկերության զարգացման ծրագրերին


ՀՀ վարչապետն ծանոթացել է դեղագործական ընկերության զարգացման ծրագրերին

  • 14-03-2012 16:14:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ճյուղերից `դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող «Վիտամաքս-Ե» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին եւ զարգացման հեռանկարներին: 1997 թվականից գործող ընկերությունն արտադրում է «Նարինե» պրոբիոտիկ, որը համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP չափանիշներին: Այն արտահանվում է Ուկրաինա, Ճապոնիա, ՌԴ, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ուզբեկիստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլ երկրներ: Ընկերության նոր եւ նշանակալի ուղղություններից մեկը բնական մրգային, բանջարեղենային եւ մսային փոշիների արտադրությունն է, որը կիրառվում է դեղագործական եւ սննդային արտադրության տարբեր ոլորտներում: Մշակվել է նաեւ էկոլոգիապես մաքուր հայրենական հումքի հիման վրա բարձր որակի մանկական սննդի արտադրություն իրականացնելու ծրագիր: Կազմակերպությունն իր արտադրության ոլորտում ունի կաթնաթթվային մթերքների արտադրության համար անհրաժեշտ չոր մերանների բոլոր ձեւերը, որոնք կիրառվում են մածունի, յոգուրտների, թթվասերի, կաթնաշոռի մերման համար: 2011թ. ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1 մլն դոլար, իսկ արտադրանքի մոտ 50 տոկոսն արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 75 մարդ` միջինը 110 հազար դրամ աշխատավարձով: Ներկայում ընկերությունը նախատեսում է իրականացնել արտադրական ծավալների ընդլայնման ու նոր արտադրության կազմակերպման ծրագիր: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից ակնկալվող 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցների հաշվին: Ծրագրի շրջանակներում ընկերությունը կիրականացնի կապիտալ ներդրումներ, այդ թվում` նոր արտադրության կազմակերպման նպատակով կներկրվեն ժամանակակից սարքավորումներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում «Վիտամաքս-Ե»-ն ծրագրում է աշխատատեղերի թիվը ներկայիս 75-ից հասցնել 100-ի եւ ավելացնել արտահանման ծավալները՝ նվաճելով նոր շուկաներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play