Կանցկացվի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը


Կանցկացվի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը

  • 29-03-2012 18:04:17   | Հայաստան  |  Սպորտ
Մարտի 28-ից ապրիլի 7-ը, Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Երեւանում կանցկացվի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի երրորդ` կիսաեզրափակիչ փուլը: Արդեն 5 տարի շարունակ ՀԲԸՄ-ն աջակցում է այս մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադան մեկնարկեց 2011թ. աշնանը: Մրցաշարին մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Օլիմպիադայի երկրորդ փուլի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան շախմատի ցուցադրական տախտակների: Կիսաեզրափակիչի հաղթող թիմերի բոլոր անդամները ՀԲԸՄ-ի կողմից կպարգեւատրվեն նեթբուք համակարգիչներով: Մրցաշարի նպատակն է նպաստել մարզաձեւի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, որոնք ապագայում կարող են դառնալ չեմպիոններ` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում: Երեւանյան կիսաեզրափակիչին ներկա կլինեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ ու հյուրեր: Օլիմպիադայի անցկացմանը մեծապես աջակցում է ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 4,000 շախմատի խաղատախտակ ու 150 շախմատային ժամացույց է բաժանել հանրապետության դպրոցներին: Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի եզրափակիչը տեղի կունենա առաջիկա մայիսին: Մրցաշարի հաղթողները, ինչպես նաեւ նրանց մարզիչները, ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ կարժանանան մրցանակների: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն արդեն հինգ տարի անընդմեջ համագործակցում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի հետ` հովանավորելով շախմատի հանրապետական համադպրոցական ամենամյա մրցաշարը: 2010-ին, ՀԲԸՄ-ն աջակցեց նաեւ շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի անցկացմանը, որը տեղի ունեցավ Երեւանում, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում եւ որին մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփյուռքից, Հայաստանից եւ Արցախից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն Հեռ.` 51 22 51 էլ. հասցե` agbuarm@agbu.am
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play