Արթուր Աբրահամը կրկին Եվրոպայի չեմպիոն է


Արթուր Աբրահամը կրկին Եվրոպայի չեմպիոն է

  • 01-04-2012 08:10:01   | Գերմանիա  |  Սպորտ

Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena"-ում ավարտվեց Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտը։ Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին(109 միավոր)` եւ վերանվաճեեց WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ "Վիլշեւսկին ուժեղ մրցակից էր, դիմադրող, համառ, սակայն ես էլ պակաս մարտական չէի։ Շնորհակալ եմ հանդիսատեսից` քաջալերանքի համար։ Հաջորդ քայլս հայտնի է` դառնալ աշխարհի չեմպիոն",- մենամարտի ավարտին ասել է Արթուր Աբրահամը։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի "Բադեն-Արենա" համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի "Անդրանիկ Օզանյան" շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play