Վարչապետը ծանոթացել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության զարգացման ծրագրերին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին եւ զարգացման ծրագրերին: Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկել է ոլորտում առկա խնդիրները:
1995-ին հիմնադրված «Բեկոն պրոդուկտ»-ը սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակավոր «Schieler» ընկերությունից ձեռք է բերել նոր հոսքագծեր: Ընկերության գործարանի նոր մասնաշենքը կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան: «Բեկոն պրոդուկտ»-ն այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն վերահսկվում է արտադրության ողջ գործընթացը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ընկերությունն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզորությունները եւ գործարանի թողունակությունը հնարավորություն են տալիս քառապատկել արտադրական ծավալները եւ ստեղծել նոր աշխատատեղեր:
«Բեկոն պրոդուկտ»-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հսկողությամբ իրականացվում է համատեղ արտադրություն: