Ըստ եվրոպացի դիտորդների, Հայաստանի ընտրությունների մրցավազքում շահագրգիռ որոշ կողմեր ձախողել են օրենքին համապատասխանելու գործելաոճը


Ըստ եվրոպացի դիտորդների, Հայաստանի ընտրությունների մրցավազքում շահագրգիռ որոշ կողմեր ձախողել են օրենքին համապատասխանելու գործելաոճը

  • 07-05-2012 17:40:28   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում աչքի են ընկել ակտիվ եւ մեծամասամբ խաղաղ քարոզարշավի դրսեւորմամբ եւ հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ, սակայն քվեարկողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաեւ բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ: Այս մասին մայիսի 7-ին նշել են միջազգային դիտորդները` ներկայացնելով իրենց նախնական կարծիքը: Դիտորդները արձանագրել են, որ քարոզարշավն ընթացել է մի միջավայրում, որտեղ հանրահավաքների եւ խոսքի ազատությունները հիմնականում հարգվել են եւ թեկնածուները շատ դեպքերում ազատ քարոզելու հնարավորություն են ունեցել: Միեւնույն ժամանակ նշվել է, որ, այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունների եւ հասարակության մեծ մասի կողմից գործընթացի ամբողջականության նկատմամբ թերահավատությունը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս: Ընտրությունները անցկացվել են նոր Ընտրական օրենսգրքով, որն ապահովում էր ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու համար կայուն իրավական հիմք, սակայն շահագրգիռ մարմինները չեն իրականացրել նոր օրենքի կարեւոր դրույթները, եւ այն եղանակը, որով քննվել են ներկայացված բողոքները, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը: «Հայաստանն արժանի է գնահատվելու ընտրական ոլորտում իր բարեփոխումների, ինչպես նաեւ խաղաղ քարոզարշավ իրականացնելու համար, սակայն այս մրցավազքում շահագրգիռ որոշ կողմեր շատ հաճախ ձախողել են օրենքին համապատասխանելու գործելաոճը, իսկ ընտրական հանձնաժողովները շատ հաճախ չեն կիրառել օրենքը»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիեր դե Դոննեան` հավելելով.«Արդյունքում, այն միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը ազատորեն ստանձնել է, ոչ միշտ են հարգվել»: Դիտորդների գնահատմամբ, թեկնածուների գրանցման գործընթացն ընդհանուր առմամբ ամբողջական էր: Չնայած ընտրողների գրանցման ընթացակարգերին առնչվող բարելավված օրենսդրությանը, ըստ դիտորդների, ընտրացուցակների հնարավոր չարաշահումն ընտրակեղծիքների համար ավելացրել են գործընթացի նկատմամբ թերահավատությունը: «Վաթսուն տոկոսից ավել բարձր մասնակցությունը, տարբեր տարիքային խմբերի պատկանող քվեարկողների ներգրավումը, ինչպես նաեւ երիտասարդների եւ տարեցների` ընտրական գործընթացների հստակ ընկալումը տպավորիչ է, այնուամենայնիվ, քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի կառավարման, քվեարկողների շարժի եւ քվեների տեղավորման ուղղությամբ որոշ քաղաքական կուսակցությունների լայնածավալ միջամտությունների վերաբերյալ հաղորդումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- ասել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, Վինթերբորնի բարոնուհի Նիքոլսոնը: «Իշխանությունները պետք է հասցեագրեն այս անընդունելի վարքագիծը` նախքան հաջորդ տարի անցկացվող նախագահական ընտրությունները»: «Ես սրանից ավել չեմ կարող շեշտել, թե որքան կարեւոր է տեսնել այս ընտրությունները եւ մեր նախնական եզրակացություններն ավելի լայն համատեքստում, դիտարկելով այն որպես գործընթացի սկիզբ, այլ ոչ թե վերջ», -ասել է Կշիշտոֆ Լիսեկը, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը: «Այսօր ներկայացվող նախնական մեր եզրակացությունները եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի վերջնական առաջարկությունները, հրապարակվելուց ի վեր, պետք է ընկալվեն որպես նպատակ` գալիք նախագահական ընտրություններում իրականացնելու համար»: Քվեարկության օրը հիմնականում անցել է հանգիստ եւ խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական խնդիրներով եւ գործընթացին հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտությամբ: «Ընտրարշավը բաց էր եւ ապահովում էր հիմնարար ազատությունները, լրատվամիջոցները իրականացրել են պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի լայնածավալ եւ հավասարակշռված լուսաբանում»,- ասել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդականն առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան: «Ցավոք սրտի, ընտրացուցակների ճշգրտության եւ Ընտրական օրենսգրքի` անահավասար մրցակցային դաշտ ստեղծող խախտումների վերաբերյալ մտահոգութունները ստվեր են գցել այս ամենի վրա»:
Նոյյան տապան  -   Քաղաքական