ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի հաշվետվությունը 2012թ. ՁԻԱՀ-ի գլոբալ համաճարակի ընթացքի վերաբերյալ


ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի հաշվետվությունը 2012թ. ՁԻԱՀ-ի գլոբալ համաճարակի ընթացքի վերաբերյալ

  • 30-11-2012 13:01:31   |   |  Միջազգային

 

Գլոբալ հաշվետվություն. ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի հաշվետվությունը 2012 թ. ՁԻԱՀ-ի գլոբալ համաճարակի ընթացքի վերաբերյալ (ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագիր) 
ՄԻԱՎ վարակի հսկողությունը Եվրոպայում, 2011 թ. (Եվրոպայի ՀՎԿԿ, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ)
2012–2015 թթ. ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագիր (ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ) 
 
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔԸ
Գլոբալ հաշվետվության մեջ հրապարակված գնահատականներ. ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի հաշվետվություն 2012 թ. ՁԻԱՀ-ի գլոբալ համաճարակի ընթացքի վերաբերյալ 
Եվրոպայում ՄԻԱՎ վարակի հսկողության 2011թ.-ի հաշվետվության մեջ հրապարակված տվյալներ 
 
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվն ըստ գանահատումների (2011թ.-ի վերջի դրությամբ)
2011 թ. ավարտին ամբողջ աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 34 միլիոն (ըստ գնահատումների, այն տատանվում է 31 400 000-ից 35 900 000-ի սահմաններում): 
Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց թիվն, ըստ գնահատումների, կազմել է մոտ 2 300 000: 
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվն, ըստ գնահատումների, աճել է և 2011թ.-ին կազմել է մոտ 900 000 (830 000-ից մինչև 1.0 միլիոն)` 2001 թ. 640 000-ի (590 000-ից մինչև 710 000) դիմաց: 
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց թիվն, ըստ գնահատումների, նույնպես ավելացել է: 2011թ.-ին այն կազմել է մոտ 1.4 միլիոն (1.1–1.8 միլիոն)` 2001թ.-ի 970 000-ի (760 000-ից մինչև 1.2 միլիոն) դիմաց: 
 
2011 թ. ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվն ըստ գնահատումների 
Ըստ գնահատումների, 2011 թ. ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 2.5 միլիոն մարդ (առաջնակի դեպքերի թիվը տատանվել է 2 200 000-ից 2 800 000-ի սահմաններում): 2001 թ. համեմատ այս ցուցանիշը 20%-ով նվազել է: 
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, ըստ գնահատումների, 2011թ.-ին ՄԻԱՎ-ի առաջնակի վարակի դեպքերի թիվը կազմել է մոտ 30 000 [21 000-ից մինչև 40 000]` 2001թ.-ի 29 000 դեպքի (26 000-ից մինչև 34 000) դիմաց: 
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2011թ.-ին ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 140 000 մարդ (ըստ գնահատումների, այդ թիվը տատանվել է 91 000-ից 210 000-ի սահմաններում)` 2001 թ. 130 000-ի (99 000-ից մինչև 170 000) դիմաց:
ՄԻԱՎ վարակի առաջնակի դեպքերի թիվն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սկսել է աճել 2000-ականների վերջից` նախորդ մի քանի տարիների ընթացքում համեմատաբար կայուն մակարդակի վրա պահպանվելուց հետո:
 
2011 թ. ՄԻԱՎ վարակի ախտորոշված և հաշվառված նոր դեպքերի թիվը Եվրոպայում 
Եվրոպայում ՄԻԱՎ վարակի ոչ բոլոր դեպքերն են ախտորոշվում, ինչը կապված է ՄԻԱՎ-ի ախտորոշիչ հետազոտությունների և խորհրդատվության ծառայությունների հասանելիության և դիմելիության ցածր մակարդակի հետ` հատկապես վարակվելու և վարակը փոխանցելու առումով առավել բարձր ռիսկի ենթարկվող բնակչության շրջանում: Այդ իսկ պատճառով, ՄԻԱՎ-ի ախտորոշված և համաճարակաբանական հսկողության համակարգերում գրանցված դեպքերի թիվը տարբերվում է, երբեմն էապես, վարակի դեպքերի` գանահտումների վրա հիմնված թվից: 
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողության համապարփակ մի համակարգ, որում ընդգրկված բոլոր երկրները ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակին (ԱՀԿ/ԵՎՐՈ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնին (ԵՀՎԿԿ) են հաղորդում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշված դեպքերի թիվը` տարեկան կտրվածքով: 
2011 թ. ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի 53 պետություններից 50-ի կողմից ԱՀԿ/ԵՎՐՈ-ին և ԵՀՎԿԿ-ին հաղորդվել է ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշված 53 974 դեպքի մասին (տվյալներ չեն տրամադրվել Մոնակոյի, Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկիստանի կողմից, ինչպես նաև Լիխտենշտեյնի կողմից, որը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի անդամ-պետություն չի հանդիսանում): Ռուսաստանի Դաշնության Վիճակագրության դաշնային գործակալության տվյալների բազայում 2011 թ. ՄԻԱՎ-ի 67 317 նոր դեպք է գրանցվել: 
Արևելյան Եվրոպայի պետությունները հաղորդել են վարակի նոր դեպքերի 46%-ը, Արևմտյան Եվրոպայի երկրները` 49%-ը, իսկ Կենտրոնական Եվրոպայի պետությունները` 6%-ը : Հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է արևելյան հատվածում (22.4 դեպք 100 000 բնակչի հաշվով), քան արևմտյան (6.5 դեպք 100 000 բնակչի հաշվով) և կենտրոնական (1.6 դեպք 100 000-ի հաշվով) շրջաններում: Ինչևէ, Ռուսաստանի Դաշնությունում գրանցված 67 317 նոր դեպքերը հաշվի առնելու պարագայում, նոր դեպքերի տոկոսն ավելի բարձր է արևեյան, քան արևմտյան հատվածում: 
Ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել Ուկրաինայում (38.0 դեպք 100 000 բնակչի հաշվով), Էստոնիայում (27.3 դեպք 100 000-ի հաշվով), Սան Մարինոյում (25.6 դեպք 100 000-ի հաշվով) և Մոլդովայի Հանրապետությունում (20.3 դեպք 100 000-ի հաշվով):
2011 թ. Եվրոպական Միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետությունների կողմից հաղորդվել է ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշված 28 038 դեպքի մասին (բացակայում են Մոնակոյի և Լիխտենշտեյնի տվյալները): 
Այս խմբում հիվանդացության առավել բարձր մակարդակը գրանցվել է Էստոնիայում (27.3 դեպք 100 000 բնակչի հաշվով), Լատվիայում (13.4 դեպք 100 000-ի հաշվով), Բելգիայում (10.7 դեպք 100 000-ի հաշվով) և Միացյալ Թագավորությունում (10.0 դեպք 100 000-ի հաշվով):
2004–2011 թթ. ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողության տվյալները մշտապես ներկայացրած 50 պետություններում (նշված ժամանակամիջոցի որոշ տարիների տվյալները չեն տրամադրվել Մոնակոյի, Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկիստանի կողմից) 100 000 բնակչի հաշվով ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշված դեպքերի թիվը աճել է 16%-ով, և 2011 թ. կազմել է 7.6 դեպք` 2004 թ. 6.6 դեպքի դիմաց: 
Թեև վարակի փոխանցման հիմնական ուղիները աշխարհագրական տարբեր շրջաններում տարբեր են, այնուամենայնիվ, Եվրոպական բոլոր պետություններում ՄԻԱՎ-ի ռիսկն անհամեմատ ավելի մեծ է սոցիալական ցածր կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի (օրինակ` ներգաղթյալների), ինչպես նաև այն անձանց շրջանում, ում վարքը հասարակության կողմից դատապարտելի (օրինակ` արվամոլները) կամ օրինախախտ (օրինակ` ներերակային թմրադեղեր օգտագործողները) է համարվում: 
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2011 թ. ՄԻԱՎ-ի վարակի նոր դեպքերի 37.6%-ը գրանցվել է ներերակային թմրադեղեր օգտագործողների շրջանում, մինչդեռ հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցվել է հիվանդության նոր դեպքերի 56.7%-ը: 
Վերջին տարիներին Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածում հետերոսեքսուալ ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի տոկոսի աճ է նկատվում, ինչը, հավանաբար, ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց կողմից վարակը սեռական ճանապարհով փոխանցելու հետևանքն է: 
Արևելյան Եվրոպայում փոքր է արվամոլների շրջանում գրանցված դեպքերի թիվը, և, ամենայն հավանականությամբ, դրանց մեծ մասը չի հայտնաբերվում և չի գրանցվում: 
Եվրոպական տարածաշրջանի արևմտյան հատվածում համաճարակը հիմնականում կենտրոնացած է արվամոլների (2011 թ. գրանցված նոր դեպքերի 40.1%), ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթաց անձանց շրջանում (հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցված վարակի դեպքերի ավելի, քան մեկ երրորդը): 
 
ՁԻԱՀ-ի և դրա հետևանքով առաջացած մահվան դեպքերի թիվն ըստ գնահատումների
Ամբողջ աշխարհում կրճատվում է ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած մահվան դեպքերի թիվը: Այսպես, 2005 թ. ՁԻԱՀ-ից մոտ 2.3 միլիոն մարդ է մահացել (այս թիվն, ըստ գնահատումների, տատանվում է 2 100 000-ից 2 600 000-ի սահմաններում), իսկ 2011 թ. ՁԻԱՀ-ի հետ կապված մահերի թիվը, գնահատումների համաձայն, կազմել է մոտ 1.7 միլիոն (1 500 000-ից մինչև 1 900 000), ինչը նախորդ ցուցանիշից 24%-ով պակաս է:
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ՁԻԱՀ-ից մահացած երեխաների և մեծահասակների թիվն, ըստ գնահատումների, 2011 թ. կազմել է մոտ 7 000 (6 100-ից մինչև 7 500)` 2005 թ. 7 800-ի (7 600-ից մինչև 9 000) դիմաց: 
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած մահվան դեպքերի թիվն, ըստ գնահատումների, աճել է 21%-ով և 2011 թ. կազմել է մոտ 92 000 (63 000-ից մինչև 120 000)` 2005թ.-ի շուրջ 76 000-ի (58 000-ից մինչև 100 000) դիմաց: 
 
2011 թ. ՁԻԱՀ-ի և դրա հետևանքով առաջացած մահվան ախտորոշված և հաշվառված դեպքերի թիվը Եվրոպայում
2004–2011 թթ. ընթացքում ՁԻԱՀ-ի հսկողության վերաբերյալ տվյալները մշտապես ներկայացրած 49 պետություններում (նշված ժամանակամիջոցի որոշ տարիների տվյալները չեն տրամադրվել Մոնակոյի, Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի և Ուզբեկիստանի կողմից) ՁԻԱՀ-ի ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը նվազել է` 12 940-ից (1.9 դեպք 100 000 բնակչի հաշվով) հասնելով 10 923-ի (1.5 դեպք 100 000 բնակչի հաշվով): 
2004–2011 թթ. ժամանակահատվածում ՁԻԱՀ-ի ախտորոշման դեպքերի թվի աճի մասին հաղորդել են Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածի բոլոր պետությունները, բացի Թուրքմենիստանից (2004–2011 թթ. ընթացքում չի հաղորդվել և ոչ մի դեպք) և Լիտվայից: Նշված ժամանակամիջոցում Ադրբեջանում, Բելառուսում, Ղրղզստանում և Մոլդովայում ՁԻԱՀ-ի դեպքերի թիվն ավելացել է ավելի, քան հինգ անգամ, իսկ Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում` ավելի, քան երեք անգամ: 
Եվրոպական տարածաշրջանի արևմտյան հատվածում ՁԻԱՀ-ի ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը շարունակում է նվազել: 
 
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
 
ՄԻԱՎ-ի բուժում
Եկամուտների ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում 2011 թ. վերջի դրությամբ հակառետրովիրուսային բուժում (ՀՌԲ) ստացող անձանց թիվն ամբողջ աշխարհում հասել է 8 միլիոնի, ինչը 20 անգամ գերազանցում է 2003 թ. ցուցանիշը:
Համաշխարհային մասշտաբով ՀՌԲ կարիք ունեցող անձանց ընդգրկվածությունը բուժման համապատասխան ծրագրերում կազմում է 54%: Առաջին անգամ է, երբ եկամուտների ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում հակառետրովիրուսային բուժման կարիք ունեցող անձանց մեծ մասը ստանում է անհրաժեշտ բուժումը: 
Երեխաների շրջանում շատ ավելի ցածր է (28%):
Համաշխարհային մասշտաբով, կանանց շրջանում ընդգրկվածությունը (68%) ավելի բարձր է, քան տղամարդկանց շրջանում (47%):
2011 թ. Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հակառետրովիրուսային բուժման կարիք ունեցող անձանց ընդամենը 25%-ն է ստացել անհրաժեշտ բուժումը (ըստ գնահատումների, նշված բուժումը պահանջվում է մոտ 510 000 բնակչի, մինչդեռ այն տրամադրվել է 130 000 հիվանդի):
 
Մորից մանկանը ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում
Մորից մանկանը ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման (ՄՄՓԿ) առումով գրանցված առաջընթացը խթանել է համաշխարհային հանրության պատրաստակամությունը այս ոլորտում, և 2011 թ. հունիսին կայացած ՄԱԿ-ի Բարձրաստիճան հանդիպման ընթացքում հաստատվել է մինչև 2015 թ. երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի նոր դեպքերի վերացմանն ուղղված գլոբալ ծրագիրը: 
Գլոբալ ծրագիրը նախատեսում է մինչև 2015 թ. 90%-ի հասցնել ՄՄՓԿ նպատակով հակառետրովիրուսային դեղերի կիրառումը:
2011 թ. եկամուտների ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում մորից մանկանը ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու նպատակով համապատասխան հակառետրովիրուսային դեղերը կիրառվել են 57% դեպքերում [ցուցանիշը տատանվել է 51-64% սահմաններում]:
 
ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկացվածություն
2011 թ. Եվրոպայում գրանցված ՄԻԱՎ դեպքերի կեսի պարագայում CD4 բջիջների քանակը հիվանդության ախտորոշման պահին եղել է ցածր (<350/մլ), ինչը վկայում է ուշացած ախտորոշման մասին:
 
Բնակչության թիրախային խմբերին տրամադրվող ծառայություններ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է հիմնական թիրախային խմբերի, այդ թվում ներերակային դեղեր օգտագործող անձանց, արվամոլների, մարմնավաճառների, կալանավորների և տրանսսեկսուալների շրջանում: Սակայն, միևնույն ժամանակ, բնակչության հենց այս խմբերն էլ մեծամասամբ դուրս են մնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ներկայիս ծրագրերի շրջանակներից:
 
2012–2015 թթ. ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագիրը
2012–2015 թթ. ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագիրն ուղղված է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի 2011–2015 թթ. ռազմավարության, ինչպես նաև ԱՀԿ-ի 2011–2015 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով առողջապահության ոլորտի գլոբալ ռազմավարության ներդրմանը: 
Միջոցառումների այս ծրագիրը 2011 թ. սեպտեմբերին Ադրբեջանում` Բաքվում կայացած ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի նստաշրջանի ընթացքում ընդունվել է 53 անդամ-պետությունների կողմից:
Միջոցառումների ծրագիրն անհապաղ գործողություններ է պահանջում ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակից, անդամ-պետություններից և շահագրգիռ այլ կողմերից` տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ընդլայնվող համաճարակի խնդրին անդրադառնալու նպատակով: 
Եվրոպական տարածաշրջանի համար մշակված տեսլականը ենթադրում է ՄԻԱՎ-ի վարակի նոր դեպքերի, ՁԻԱՀ-ի հետ կապված մահացության և խտրականությունների զրոյական մակարդակի ապահովում այն աշխարհում, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձիք կարող են երկար տարիների առողջ կյանք ունենալ:
Մինչև 2015 թ. Եվրոպական տարածաշրջանի համար սահմանված նպատակներն են. անմիջապես կանգնեցնել և հետադարձ ընթացք հաղորդել ՄԻԱՎ վարակի տարածմանը Եվրոպայում, ապահովել ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համապարփակ ծառայությունների համընդհանուր հասանելիությունը, և նպաստել Հազարամյակի զարգացման 6-րդ, ինչպես նաև առողջապահությանը վերաբերող այլ նպատակների (3, 4, 5 և 8) իրականացմանը: 
Միջոցառումների ծրագիրը նախանշում է միջամտությունների բնագավառները` ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի 2011–2015 թթ. ռազմավարությամբ և ԱՀԿ-ի 2011–2015 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով առողջապահության ոլորտի գլոբալ ռազմավարությամբ սահմանված շրջանակներում: 
Միջոցառումների ծրագիրը հիմնված է ուղղորդող այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են հավասարության, համայքների մասնակցության, մարդու իրավունքների պահպանման, ապացուցողական քաղաքականությունների կիրառման և հանրային առողջապահության էթիկական մոտեցումների ապահովումը առողջապահության ոլորտում: 
Միջոցառումների ծրագիրը հիմնված է ԱՀԿ գլոբալ ռազմավարությամբ սահմանված ուղղությունների վրա և նախատեսում է համապատասխան աշխատանքների իրականացումը` ելնելով տարածաշրջանի համատեքստից և գերակայություններից. 1. ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախտորոշման, բուժման, խնամքի և աջակցության ելքերի օպտիմալացում, 2. Բնակչության առողջության ընդհանուր մակարդակի բարելավում ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցառումների շնորհիվ, 3. Հզոր և կայուն առողջապահական համակարգերի ձևավորում, 4. Խոցելիության և բուժծառայությունների կառուցվածքային խոչընդոտների կրճատում: 
2012–2015 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագրի թիրախային լսարանը նախ և առաջ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների պետական այն կառույցներն են (առողջապահության նախարարություն, կառավարական այլ մարմիններ), որոնք պատասխանատու են ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախտորոշման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների համար: 
Միջոցառումների ծրագիրն ուղղված է նաև այլ, առողջապահության ոլորտի հետ անմիջական առնչություն չունեցող նախարարություններին և գերատեսչություններին, այդ թվում ֆինանսների, կրթության, սոցիալական ապահովության, երեխաների պաշտպանության, տրանսպորտի, ինֆրակառուցվածքի, արդարադատության, աշխատանքի, ներգաղթի, զարգացման, պաշտպանության և արտաքին գործերի հարցերով զբաղվող մարմիններին, ինչպես նաև տարբեր ազոցիացիաներին, մասնագիտական կառույցներին, գիտական հետազոտություննեով զբաղվող մարմիններին, կրթական հաստատություններին, քաղաքացիական հասարակությանը, քարոզչախմբերին, արհմիություններին և մասնավոր հատվածին, ինչպես նաև միջազգային և գլոբալ գործընկերներին` ներառյալ երկկողմ և բազմակողմ դոնոր կազմակերպությունները: 
ԱՀԿ/ԵՎՐՈ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և վիրուսային հեպատիտի ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ինտերնետային կայքը. www.euro.who.int/aids: 
 
Աղբյուրներ.
 
UNAIDS. Global report: UNAIDS report on the global AIDS epidemic 2012. Geneva, Joint United Nations Programme on HIV/AIDS (UNAIDS), 2012.
 
ECDC, WHO Regional Office for Europe. HIV/AIDS surveillance in Europe 2011. Stockholm, European Centre for Disease Prevention and Control, 2012.
European Action Plan for HIV/AIDS 2012–2015. Copenhagen, WHO Regional Office for Europe, 2011 
Unified Interagency Information-statistics System of the Federal Statistics Agency of the Russian Federation. ‘Number of registered patients newly diagnosed with HIV’. Moscow, 2012 
 
Նոյյան տապան  -   Միջազգային