Այս տարի Հայաստանի ֆրանսիական համալսարանում ՀԲԸՄ-ի կողմից 22 ուսանող ստացավ գերազանցության կրթաթոշակ<br />


Այս տարի Հայաստանի ֆրանսիական համալսարանում ՀԲԸՄ-ի կողմից 22 ուսանող ստացավ գերազանցության կրթաթոշակ

  • 09-03-2011 18:46:19   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի ֆրանսիական համալսարանում մարտի 9-ին տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից ֆրանսիական համալսարանի 22 լավագույն ուսանողների գերազանցության կրթաթոշակների վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից համալսարանին տրամադրվել է 30 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն: ՀԲԸՄ կրթական ծրագրերի տնօրեն Արթուն Համալյանը տեղեկացրեց, որ 2004թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են: Այդ համագործակցության շրջանակներում 2007թ.-ից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաեւ անվճար սովորող ուսանողների ուսուցման ծախսերը հոգալու հարցում: Իր հերթին համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը տեղեկացրեց, որ 2004թ.-ից Ֆրանսիական համալսարանի մոտ 100 ուսանողներ ստացել են նմանատիպ աջակցություն։ Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, գերազանցության կրթաթոշակ այս տարի տրվում է ոչ թե 20, այլ 22 ուսանողի: «Ինչպես մենք, այնպես էլ ՀԲԸՄ-ն առաջնորդվում է ուսանողների մասնագիտական ուղին հեշտացնելու քաղաքականությամբ»,- ասաց համալսարանի ռեկտորը, միաժամանակ հավելելով, որ Հայաստանում զարգացած են կրթության, առողջապահության ու տուրիզմի ոլորտները, եւ դա է պատճառը, որ վերջերս ստեղծվել է նոր՝ «Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ ու մենեջմենթ», ֆակուլտետը մագիստրատուրայի համար։
Նոյյան տապան  -   Հասարակություն