Այկիկենդո կարատեի առաջիկա միջազգային մրցաշարերի մասնակիցները հայտնի են


Այկիկենդո կարատեի առաջիկա միջազգային մրցաշարերի մասնակիցները հայտնի են

  • 18-03-2013 13:58:10   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 17-ին Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան անցկացրեց իր հերթական՝ թվով 7-րդ փակ առաջնությունը: Միջոցառման արդյունքում պետք է որոշվեին այն մարզիկները, ովքեր կմասնակցեն ապրիլ ամսին նախատեսվող 3 խոշոր միջազգային մրցաշարերին: Մասնակիցները 230 էին, ներկայացնում էին ֆեդերացիայի Երևանի, Իջևանի, Գյումրու, Սևանի, Գավառի մարզադպրոցները: 

Իրենց մասնակցությամբ առաջնությունը պատվել է դերասան Արծրուն Հովհաննիսյանը, ով իր ողջույնի խոսքով դիմեց մասնակիցներին, շնորհավորեց Վրաստանում արձանագրած փայլուն հաղթանակների կապակցությամբ, մաղթեց անվնաս մենամարտեր և գեղեցիկ հաղթանակներ: 
Մենամարտերի արդյունքում պարզ դարձան առաջիկա միջազգային մրցաշարերին Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Մասնավորապես՝ Միքայել Կառավարիչյան (հաղթել էր նաև Վրաստանում), Սենիկ Արզումանյան, Վահան Ասատրյան (հաղթել էր նաև Վրաստանում), Լևոն Սաֆարյան և այլք:
 «Քանի որ ապրիլ ամսին պետք է մասնակցենք մի քանի մրցաշարերի, ֆեդերացիայի տնօրինությունն ու մարզչական կազմն առաջիկա օրերի ընթացքում կվերլուծեն առաջնության արդյունքները, կդիտեն տեսագրությունները և կորոշեն այդ մրցաշարերին մեկնող հավաքականների լիարժեք կազմը: Հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկված մարզիկներն արդեն կանցնեն մարզումների հատուկ ռեժիմի և կսկսեն նախապատրաստվել մրցումներին: Մեր նպատակը կրկին բացարձակ առաջատարի կարգավիճակով վերադառնալն է, ուստի պետք է շատ աշխատենք»,- ասել է Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:
Միջոցառման ավարտին շնորհակալագրերով պարգևատրվեցին ֆեդերացիայի գործընկերները, լավագույն բարեկամները, հատուկ հյուրերը: 
 
Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի և Եվրասիայի ոսկե և արծաթե մեդալակիրներ` Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, Մարտին Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձր են պահում նաև Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ Բաղդասարյանը և այլն:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play