Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
12-07-2013 17:33:40 | Հայաստան | Տնտեսություն
Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար և համոզմունք հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում ևս շարունակական կլինեն. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի հետ տարբեր ոլորտներում մեր արդյունավետ համագործակցության համար: Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովումը մեզ համար գերակա խնդիր է, և մեր նպատակն է, որ մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը լինեն օրինակելի և համապատասխանեն միջազգային չափորոշիչներին ու լավագույն փորձին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավարն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի համար վստահելի և լուրջ գործընկեր է. «Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովման հարցում Երևանի քաղաքապետարանի ունեցած հետաքրքրությունն ու պատրաստակամությունն արդեն մեծ քայլ են ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Երկխոսության ու համագործակցության առումով այսօր բարենպաստ դաշտ է ապահովված, ինչն անպայման կտա իր դրական արդյունքները»,- նշել է Սուքեյնա Կանեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս համոզմունք է հայտնել, որ բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առաջադրված են քաղաքապետարանի կողմից՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում լուծումներ կստանան: