Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում FPWC-ի տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի գոյության փաստը


Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում FPWC-ի տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի գոյության փաստը

  • 02-08-2013 17:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեսագրությունը, որը վերջին վեց տարիներին Հայաստանի տարածքում կովկասյան հովազին նկարահանելու առաջին դեպքն է, արձանագրվել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի միջոցով: Ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և  ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այդ հատվածը, որպես հատուկ պահպանվող տարածք, վերահսկում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, բրիտանական Համաշխարհային հողային միավորման (World Land Trust)  և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) աջակցությամբ:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ ներկայացրեցին ապաստարանում նկարահանած տեսագրությունը, ինչպես նաև հիշատակված ապաստարանում բնապահպանության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ  իրականացվող համատեղ աշխատանքները:
 
Քանի որ  տեսախցիկը սկսում է նկարահանել շուրջ 5 վայրկյան ուշացումով, ներկայացված տեսագրությունում առայժմ երևում է խոշոր այս կատվազգիների ներկայացուցչի միայն պոչը:
 
Ապաստարանի բոլոր թաքնված տեսախցիկներն արդեն տեղափոխվել և տեղադրվել են հովազի գտնվելու հավանական շավղի ամբողջ երկայնքով` առաջիկայում գիշատչին ամբողջությամբ տեսագրելու նպատակով: Տեսագրությունն, այնուամենայնիվ, վկայում է անորսալի այս կենդանու գոյության փաստի մասին և ապացուցում վերջինիս ներկայությունը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: 2012 թվականի գարնանը նույն այն տարածքում, որտեղ  հնարավոր է եղել նկարահանել հովազին, ապաստարանի անտառապահները նկատել են հովազի ոտնաթաթի հետքեր և գտել վերջինիս մազափնջի և կղանքի նմուշները: Դրանք անմիջապես ուղարկվել են Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու հետ համագործակցող Իսրայելի լաբորատորիա`  գենետիկական փորձաքննության: Արդյունքում հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին (Pantera pardus saxicolor):
 
2013 թվականին իրականացված նկարահանման տեսագրությունը վերջնականապես ապացուցում է, որ Կովկասյան հովազը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընտրել է որպես ապահով կենսամիջավայր, ուր առկա է բավարար սնունդ, և ապահովված են  իր գոյությանն  անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները: Ըստ որոշ տվյալների, Հայաստանի տարածքում գրանցված է ընդամենը 3-5 հովազ, որոնք առավելապես «քոչվորներ» են: Մեկ հովազի բնական միջավայրն ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ   18,000 - 25,000 հա տարածք: Այս կատվազգիների պոպուլյացիան կրճատվել է հիմնականում որսագողության և կենսամիջավայրի վերացման պատճառով, ինչը հետևանք է գերարածեցման, մեծ ծավալով իրականացվող քաղհանի և անտառահատման: Ներկայումս խոշոր այս գիշատչի բնական միգրացիոն միջանցքը հարավային Հայաստանի Զանգեզուրի և Մեղրիի լեռներն են:
 
Երկարաժամկետ հեռանկարում Վայրի բնության և մշակութային  արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի  (ԲՊՄՄ` IUCN NL) հետ համատեղ  փորձելու է ընդլայնել ապաստարանի տարածքը` կիրառելով արդյունավետ կառավարման նույն մոտեցումը նաև Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանամերձ տարածքներում: Դա հնարավորության կտա Հայաստանի կենսաբազմազանությունը, մասնավորապես` այս խոշոր և գեղեցիկ գիշատիչին,  պահպանել ապագա սերունդների համար:
 
Շնորհակալություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն