Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնել էր հանրային ժողով՝ նվիրված Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին (Տեսանյութ)


Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնել էր հանրային ժողով՝ նվիրված Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին (Տեսանյութ)

  • 23-08-2013 23:41:29   | Հայաստան  |  Քաղաքական


23 օգոստոսի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով, որին մասնակցում էին հասարակության գործուն հատվածի, կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ:
 
Հովհաննիսյանը, ով վարում էր տոնական հավաքը, Հռչակագրի ընդունման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց միջոցառման մասնակիցներին եւ, ի դեմս նրանց, ողջ հայ ժողովրդին: Նա մասնավորապես ասաց. «Ուղիղ 23 տարի առաջ իրականացավ մեր սերունդների դարավոր իղձերից մեկը՝ դրվեց ժողովրդավարական, իրավական հասարակարգի, անկախ պետականության հաստատման հիմնաքարը: Չնայած սկիզբը խոստումնալից էր՝ հետագա երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղ գտած արատավոր երեւույթները, անարդարությունը եւ արտագաղթը համակարգային հարված հասցրին մեր ազգային արժանապատվությանն ու ժողովրդավարությամբ ուղղորդվելու վճռականությանը: Իբրեւ պետություն՝ մենք այսօր խնդիր ունենք վերապարտավորելու մեզ՝ կյանքի կոչել ժողովրդավարական պետության եւ իրավունքի գերակայության մեր ազգային նկրտումները: Մեր եւ առաջին հերթին երիտասարդ սերնդի նվիրական  պարտականությունը պիտի դառնան այս նպատակին ծառայելն ու Հայաստանի հզորացմանը նպաստելը»:
 
Միջոցառման վերջում տրվեց տոնական համերգ՝ «Ռեինկարնացիա» խմբի վիրտուոզ կատարմամբ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play