Թբիլիսիիում շարունակում է զբոսնել ևս մեկ վագր և բորենի. Վրաստանի վարչապետ


Թբիլիսիիում շարունակում է զբոսնել ևս մեկ վագր և բորենի. Վրաստանի վարչապետ

  • 18-06-2015 11:21:15   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Գրեթե ողջ գիշերվա ընթացքում Վրաստանի վարչապետի վարչությունում Արտահերթ Շտաբի նիստ էր տեղի ունենում հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղության հարցերով: Նիստը ղեկավարում էր երկրի վարչապետը: Նիստի ավարտին հայտարարություն է արվել, որի համաձայն` աղետի հասցրած վնասի ընդհանուր գումարը կազմում է 100 000 000 լարի: Վրաստանի Ֆինանսերի նախարարի հայտարարության համաձայն` «Մի քանի օրվա ընթացքում հաջողվել է հավաքել 4 600 000 լարի: Տվյալ գումարը քաղաքացիների և տարբեր կազմակերպությունների նվիրատվությունն է»: Առողջապահության նախարարը հայտարարել է, որ տվյալ պահին հիվանդանոցներում տարերային աղետից տուժած 6 մարդու բուժում է անցկացվում: Մահացածների թիվը 19 է, անհետ կորածները  7-ն են: Ընդհանուր առմամբ տուժել է 266 մարդ:
Վրաստանի Ներքին Գործերի նախարարի հայտարարության համաձայն` Վրաստանի Դատախազությունում տարերային աղետի և նրա հետևանքների հարցով քրեական գործ է հարուցվել: «Դատախազությունն արդեն սկսել է հետաքննություն վարել: Փորձաքննությունը կպարզի թուլատրվե՞լ են արդյոք սխալներ աղետից ամենաշատը տուժած ենթակառույցի շինարարության ընթացքում: Եթե բացահայտվի, որ հնարավոր էր կանխել նման հետևանքները, ապա, բնականաբար, կառաջադրվի մեղավորներին պատասխանատվության ենարկելու հարցը: Մենք դեռևս պետք է ճշմարտությունը պարզենք: Մահացել են մարդիկ, քաղաքին հասցվել է բազմամիլիոնանոց վնաս: Բնականաբար, Դատախազությունը չի կարող դա անտեսել», -հունիսի 17-ին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարը:
Հունիսի 17-ին Թբիլիսիում տեղի է ունեցել միանգամայն սպասելի դժբախտ պատահար: Տարերային աղետի գիշերը կենդանաբանական այգուց փախած վայրի կենդանիներից մեկը` վագրը, մայրաքաղաքի կենտրոնում հարձակվել է մարդկանց վրա: Վագրի հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, ևս մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ երեք օրվա ընթացքում վագրը գտնվել է ոչնչացված կենդանաբանական այգու տարածքին մոտ գտնվող առևտրային շենքերից մեկում: Վագրի` մարդկանց վրա հարձակումից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունները, որոնք էլ կրակել են վայրի կենդանուն:
«Մենք դեռևս երեկ հայտարարել էինք, որ Թբիլիսիի փողոցներում վայրի կենդանիներ չեն մնացել: Նրանք չպետք է լինեին քաղաքում, բայց փաստ է, որ մարդ է մահացել… Մենք չենք հասկանում, թե ինչպե՞ս է կենդանաբանական այգու վարչությունը կենդանիների հաշվարկ անում: Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն բանի համար, որ կենդանաբանական այգին հաշվել չգիտի և սխալ տեղեկություն է տարածում», -մեկնաբանելով վագրի հարձակման պատճառով քաղաքացու մահը` հայտարարել է երկրի Ներքին Գործերի նախարարը:
«Կատարվածի կապակցությամբ պատասխանատվությունը կրում է կենդանաբանական այգու վարչությունը: Կենդանաբանական այգու վարչությունը պարտավոր է ճշմարիտ տեղեկություն հաղորդել, իսկ նրանք հանգստացնում են մեզ, թե իբր բոլոր կենդանիները բռնված են կամ մեռած», -հունիսի 17-ին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում մարդու վրա վագրի հարձակման կապակցությամբ երկրի դատախազությունն արդեն հետաքննություն է նախաձեռնել և հարցաքննել կենդանաբանական այգու տնօրենին:
«Եթե դու Պետական Անվտանգության  և Ճգնաժամային Կառավարման Խորհրդի ղեկավարն ես, դու չպետք է հիմնվես կենդանաբանական այգու վարչությունից ստացած տեղեկությունների վրա: Քո տեղեկության աղբյուրները պետք է լինեն հատուկ ծառայությունները և ոչ թե կենդանաբանական այգու վարչությունը: Անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքի պաշտպանությունը և Թբիլիսիի բնակիչներին և ոչ թե ձեռքերը ծալած նստել», -դիմելով Ազգային Անվտանգության Խորհրդին` հայտարարել է փորձագետ Գիա Աբաշիձեն:
Վրաստանի վարչապետը հունիսի 17-ին ներողություն է խնդրել Թբիլիսիի բնակչությունից, որ սխալ տեղեկություն է հաղորդել այն մասին, որ հունիսի 14-ին ավերիչ ջրհեղեղի ընթացքում կենդանաբանական այգուց փախած կենդանիներն այլևս չկան մայրաքաղաքի փողոցներում: «Ես ուզում եմ ներողություն հայցել երեկ չէ մյուս օրը արված սխալ տեղեկատվության համար», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նա նշել է, որ պետական գերատեսչությունները չպետք է հիմնվեին միայն կենդանաբանական այգու հաղորդած տեղեկությունների վրա:
«Ես ունեմ նոր տեղեկություն, որի համաձայն քաղաքում շարունակում է զբոսնել ևս մեկ վագր և բորենի: Կոչ եմ անում Թբիլիսիի բնակչությանը զգոնություն ցուցաբերել և վայրի կենդանի նկատելուն պես դիմել համապատասխան մարմիններին», -հունիսի 17-ին հայտարարել է Պետական Անվտանգության և Ճգնաժամերի Կառավարման Խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն: Միաժամանակ հարկ է նշել, որ դեռևս երեկ «Միությունը», հենվելով կենդանաբանական այգու վարչության հայտարարության վրա, գրում էր, որ «…տվյալ պահին (հունիսի 16 –խմբ.) մեկ արջի, մեկ վագրի և մեկ բորենու փնտրման աշխատանքներ են տարվում, որոնք զբոսնում են Թբիլիսիի տարածքում»:
Հունիսի 17-ին Թբիլիսիում «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Վրաստանի հետ Եվրամիության երկխոսության» շրջանակներում 8-րդ հանդիպումն է կայացել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության դրությունը, ինչպես նաև մարդու իրավունքների հետևման և պահպանման` Վրաստանի միջազգային պարտականությունների իրականացման շրջանակներում երկրի կողմից իրականացվող քայլերը: Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Վրաստանին մեծացնել աշխատավորների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների դրության կանոնակարգմանն ուղղված ջանքերը: Հանդիպման ընթացքում երկրի կողմից ձեռք բերած գենդերային քաղաքականության և կանանց իրավունքների պաշտպանության հարցում առաջընթաց է նշվել: Տարածված տեղեկության համաձայն` «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Վրաստանի հետ Եվրամիության երկխոսության» շրջանակներում հաջորդ հանդիպումը կկայանա 2016թ. Բրյուսելում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը