Վրաստանի նախագահը մեղադրել է «Վրացական երազանք»-ին՝ նախընտրական ժամանակահատվածում տրված խոստումների չիրականացման մեջ


Վրաստանի նախագահը մեղադրել է «Վրացական երազանք»-ին՝ նախընտրական ժամանակահատվածում տրված խոստումների չիրականացման մեջ

  • 23-07-2015 12:02:48   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
«Վրացական երազանքի կառավարությունը կատարել է նախընտրական ժամանակահատվածում տրված բոլոր խոստումները», -հուլիսի 22-ին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Վրացական մամուլը և վրաց հասարակությունը սխալ են թույլ տալիս, նրանք ոչ ճիշտ վերլուծություն են կատարում: Ես չեմ կարծում, որ մենք չենք կատարել մեր տված խոստումների թեկուզ չնչին մասը: Չնայած նրան, որ ես այսօր իշխանության անդամ չեմ, ես ինձնից չեմ օտարացնում 2012թ. տված պատասխանատվությունը», -հայտնել է Բիձինա Իվանիշվիլին: Հիշեցնենք, որ 2012թ. ընտրությունների ժամանակահատվածում «Վրացական երազանք» կոալիցիայի տված բազմաթիվ խոստումների մեջ է նաև սոցիալական և քաղաքական իրավունքների հարցերում ազգային փոքրամասնությունների իրավահավասարության խոստումը:
«Ինչ վերաբերում է իմ այն խոստմանը, որ ղեկավարման երրորդ տարում (2015 թվ. -խմբ) մենք ոտքի կկանգնեցնեք վրացական տնտեսությունը, կարծում եմ, որ դա եղել էր սխալ, անմտածված խոստում: Խոստանալ, որ երեք տարի անց յուրաքանչյուրն իր գրպանի վրա կզգա բարելավում, եղել է սխալ խոստում: Անհնար է խոստանալ նման բան: Երեք տարում հասնել դրան անհնար է: Ես դա ասել եմ ընդամենը մեկ անգամ… Ես դա չեմ խոստացել… Ավելին, ես կարծում եմ, որ մեր վիճակագրությունն այնքան էլ հավաստի չէ: Երկրում ավելի շատ գործազրկություն է: Չի´ կարելի մի գյուղացուն հաշվառել աշխատանքի ընդունված բնակչության ցուցակում: Երկրում գործազուրկները շատ են», -հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Բոլոր խոստումները, որոնք մենք տվել ենք, կա´մ արդեն իրականացել են, կա´մ իրականացման փուլում են: Ինչ վերաբերում է Ընտրական համակարգում փոփոխությունների մասին խոստմանը, Խորհրդարանն արդեն աշխատում է այդ հարցի շուրջ: Նախագահը խոսում է այնպես, կարծես նա մեր թիմի մասնիկը չէ: Այն, որ Մարգվելաշվիլին ընտրվեց նախագահի պաշտոնում, մեր կոալիցիայի շնորհիվ է: Դա անձամբ Բիձինա Իվանիշվիլու արժանիքն է, որը Մարգվելաշվիլուն երեխայի նման ուղեկցում էր երկրով մեկ և կոչ էր անում մարդկանց քվեարկել նրա օգտին», -հուլիսի 22-ին հայտնել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Վրաստանի նախագահը մեղադրել է «Վրացական երազանք» կոալիցիային նախընտրական ժամանակահատվածում տրված խոստումների չիրականացման մեջ, մասամբ երկրում Ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ:
«Վրաստանի Ներքին Գործերի նախարարության վիճակագրությունն ամբողջովին շինծու է, և այն շինծու է դարձել ներկային նախարարի օրոք: Ներկայիս ղեկավարի օրոք ՆԳՆ-ն չի կարողացել հետաքննել կրոնական փոքրամասնությունների, քաղաքական հակառակորդների վրա քրեական հարձակումների հետ կապված ոչ մի գործ… Ավելին, ոստիկանության կառույցում հաճախակիացել են ոստիկանների կողմից քաղաքացիների ծեծի և կտտանքի ենթարկման դեպքերը: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված այդ քաղաքացիները հայտնվում են բանտերում ոստիկանությանն ընդդիմություն ցուցաբերելու մեղադրանքով», -հուլիսի 22-ին հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության պատգամավորը Ներքին Գործերի ներկայիս նախարարին նորաստեղծ Պետական Անվտանգության Ծառայության ղեկավարի պաշտոնին հաստատելու հարցով խորհրդարանական լսումների ընթացքում:
Հուլիսի 22-ին Վրաստանի Ազգային Կանոնակարգող Հանձնաժողովն ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու խնդրանքով էներգետիկայի ընկերությունների դիմումը: Կանոնակարգող Հանձնաժողովի կողմից ընդունած որոշման համաձայն` երկրում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա միջինը 0.04 լարիով: Ինչպես հայտարարում են վրացի փորձագետները, Կանոնակարգող Հանձնաժողովի տվյալ որոշումն անպայման կազդի այլ ապրանքների, այդ թվում նաև սննդամթերքի թանկացման վրա:
Նույն օրը ևեթ` հուլիսի 22-ին Կառավարության ներկայացուցիչները երկրի վարչապետի գլխավորությամբ ներկա են գտնվել Գարդաբանիի վերանորոգված Ջերմաէլեկտրակայանի բացման արարողությանը: «Տվյալ էլեկտրակայանի հզորությունն է` 237 մեգավատտ, և այն կարտադրի տարեկան 1.6 միլիարդ կիլովատ էլեկտրաէներգիա: Մեր էներգոհամակարգում բարդությունների առաջացման դեպքում նոր ջերմաէլեկտրակայանը կարճ ժամկետում կարտադրի անհրաժեշտ քանակության էլեկտրաէներգիա: Ես համոզված եմ, որ Գարդաբանիի վերանորոգված ՋԷԿ-ը մեծ օգուտ կբերի մեր երկրին և կդարձնի մեր էներգետիկ անվտանգությունն ավելի անկախ», -հայտնել է Վրաստանի վարչապետը: Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանում կառուցված Ջերմաէլեկտրակայանի տերն է թուրքական «Çalik enerji» ընկերությունը:
Հուլիսի 22-ին Տարածաշրջանային զարգացման նախարարությունը Ծալկայի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ է սկսել: Նախագծի արժեքն է 3 000 000 լարի: Ինչպես հայտնում են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունում, «Վերանորոգիչ աշխատանքների ավարտից հետո Ծալկայում 1 200 ընտանիք ապահովված կլինի 24 ժամվա ջրամատակարարմամբ»: «Վերանորոգիչ աշխատանքների ավարտից հետո քաղաքի ավելի քան 5000 բնակիչ կստանա կայուն հասանելիություն խմելաջրին: Կբարելավվի ջրամատակարարման գրաֆիկը և ջրի որակը: Վերանորոգողական աշխատանքներում աշխատանքի կտեղավորվի 20 մարդ, և աշխատանքները կավարտվեն 2016թ.-ին», -ասված է Տարածաշրջանային զարգացման նախարարույթան տարածած հայտարարությունում: Հիշեցնենք, որ Ծալկայի բնակիչները (առավելապես հայ և հույն բնակիչներ -խմբ.) երկար տարիների ընթացքում լուրջ խնդիրներ ունեին խմելաջրի մատակարարման հետ կապված:
«Մենք ծայրահեղ զգույշ պետք է լինենք, որպեսզի մեր դրությունը չվատթարանա: Խնդրի լուծման երկու ուղի կա. առաջինը` պատերազմ, երկրորդը` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում: Պատերազմը մենք արդեն փորձել ենք և տեսել, թե ինչ է այն մեզ տալիս: Մենք հասկացանք, որ մենք տեր չունենք` ո´չ ԱՄՆ-ն, ո´չ Եվրոպան, ո´չ Ռուսաստանը… Բոլորը իրենց պետությունների շահերի մասին են մտածում: ԱՄՆ-ն և Եվրոպան խորհուրդ են տալիս մեզ ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ, բայց երբ որ հարկ է լինում գործել, բանակցություններ սկսել, մեզ անընդհատ ինչ-որ բան խանգարում է… Նույն բանը մեզ ասում է Ռուսաստանը` լեզու գտեք օսերի և աբխազների հետ: Բայց մենք հիանալի հասկանում ենք, որ մեզ ոչ ոք թույլ չի տա անմիջականորեն շփվել նրանց հետ: Ահա այսպես էլ մենք ապրում ենք արդեն 20 տարի: Ոչինչ չի փոխվում: Ես համոզված եմ, որ ոչ ոք հանուն մեզ ոչինչ չի անի: Ավելին, մեզ ուղղակի խաբում են: Մենք պետք է մի քայլ առաջ անենք և սկսենք Ռուսաստանի հետ երկխոսություն վարել: Այլընտրանք ուղղակի գոյություն չունի», -հուլիսի 22-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Սոսո Ջաճվլիանին:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play