Արուս Աճեմյանի մենահամերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակում


Արուս Աճեմյանի մենահամերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակում

  • 08-10-2015 13:16:44   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակակիր, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Արուս Աճեմյանի մենահամերգը՝ նվիրված երաժշտագետ Աննա Բարսամյանի 100-ամյակին։
 
Արուս Աճեմյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անվան փառատոնի անցկացումը, քանի որ հայ մեծ կոմպոզիտորի անունը հայերիս այցեքարտն է, հատկապես դրսում, և պետք է նրա անունն է′լ ավելի լայն շրջանակների ճանաչելի դարձնել։ Ըստ երաժշտի՝ այս գործում մեծ է խաչատրյանական փառատոնի դերը։ Խոսելով համերգային ծրագրի մասին՝ դաշնակահարուհին նշում է, որ ընտրել է իրեն հոգեհարազատ երաժշտություն՝ Ֆրեդերիկ Շոպեն (Բալլադ թիվ 4), Մարտին Վարդազարյան (Դաշնամուրի սոնատ), Կլոդ Դեբյուսի (Պրելյուդ ՙՀրավառություն՚), Սերգեյ Ռախմանինով (Դաշնամուրի սոնատ թիվ 2)։
Արուս Աճեմյանը նաև ընդգծում է, որ արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ում աշխատանքը շատ բարձր է գնահատում այսօրվա մեր մշակութային կյանքում։ 
«Կյանքիս մեծագույն սերը` հայրենիք» խորագրով (ի դեպ, սրանք Խաչատրյանի խոսքերն են) անցկացվող Խաչատրյանի անվան 3-րդ փառատոնն ունկնդրին է առաջարկում հետաքրքիր, հագեցած երաժշտական երկու ամիսներ՝ հստակ ձևաչափով. ամեն չորեքշաբթի՝ կամերային, իսկ ամեն շաբաթ օր՝ սիմֆոնիկ համերգներ։ Կհնչեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների։
Ի դեպ, Մեծ Բրիտանիայից փառատոնին իր ողջույններն է հղել DJ Switch-ը, ով 2014-ին Երիտասարդական նվագախմբի հետ նորարարական նախագծով բացեց խաչատրյանական 2-րդ փառատոնը։ «Ես շատ ուրախ եմ 2014-ի սեպտեմբերին Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունենալու համար. այս իրադարձությունը մեկն է իմ ամենասիրելիներից, որտեղ ես հնարավորություն եմ ունեցել ներկայանալու: Կազմակերպիչների, նվագախմբի երաժիշտների և լսարանի կողմից այսչափ ջերմ ընդունելության արժանանալով՝ ես անհամբերությամբ եմ սպասում իմ հաջորդ այցին»,- իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է DJ Switch-ը: 
Նշենք, որ Խաչատրյանի անվան փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնը հովանավորել են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ» ընկերությունը, «Ջերմուկ գրուպը» և «Անի պլազան»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հնարավորություն է տալիս փառատոնին հետևել աշխարհի ցանկացած ծայրից՝ առցանց SYOA TV-ի միջոցով։ 
 
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play