Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 20-ամյա վարորդը տեղում մահացել է
23-10-2015 18:28:00 | Վայոց ձորի մարզ | Ականատեսի աչքերով
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 20-ամյա վարորդը ավտոմեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 20-ամյա Արտաշես Ալեքսանյանը իր վարած Վազ 2104 մակնիշի 34 TՍ 183 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները:
Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: