Սոցինտերնի խորհուրդը կոչ է անում չխախտել 1994թ. հրադադարը<br />


Սոցինտերնի խորհուրդը կոչ է անում չխախտել 1994թ. հրադադարը

  • 19-11-2010 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոցինտերնի խորհուրդը կոչ է անում հարգել 1994թ. ստորագրված հրադադարի պայմանագիրը, ետ կանգնել հրադադարի բոլոր տեսակի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից: Ինչպես «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ նոյեմբերի 19-ի հանդիպմանը նշեց ՀՅԴ Բյուրոյի, Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, դիպուկահարների վերաբերյալ հղումն ակնհայտորեն ուղղված է Ադրբեջանին: Նոյեմբերի 15-16-ին Փարիզում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Սոցինտերնի խորհրդի ընդունած բանաձեւում բարձրացվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացման եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակի, ինչպես նաեւ երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հարցերը: Սոցինտերնը կոչ է անում կողմերին հակամարտության գլխավոր հարցերը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` հասնել համարժեք, հավասարաչափ եւ միաժամանակյա փոխզիջումների: Սոցինտերնը որոշել է նաեւ շարունակել իր ջանքերը երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը քաջալերելու ուղղությամբ: Կիրո Մանոյանը որպես իրականությանը չհամապատասխանող որակեց ժողովի ադրբեջանցի մասնակից, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Ալիզադեի հայտարարությունն այն մասին, թե նման բանաձեւ չի ընդունվել: Այդ բանաձեւն արդեն տեղադրված է Սոցինտերնի կայքում: Նշվեց նաեւ, որ նոյեմբերի 12-13-ին Փարիզում կայացել է նաեւ Կանանց սոցինտերնի խորհրդի ժողովը, իսկ նոյեմբերի 13-ին նույնպես Փարիզում` Դաշնակցության Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը: Այստեղ հատուկ ուշադրության առարկա են դարձել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ու ծրագրերը: Շեշտվել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հիմնականորեն վնասազերծելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակման հարցով այդ երկրների վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, քննարկվել է Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը, դրան դիմագրավելու հնարավորությունները: Առանձին ուշադրության առարկա է դարձել Ջավախքի եւ ընդհանրապես վիրահայության իրավունքների արծարծումը եվրոպական կառույցների շրջանակում: Ժողովը ողջունել է Թբլիլիսիում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի, Փարիզում Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի գրասենյակների բացումը, ինչպես նաեւ Բուլղարիայում եւ Իսպանիայում Հայ դատի հանձնախմբերի կազմվելը:
Նոյյան տապան  -   Քաղաքական