Վրաստանի դերը Ռուսաստանից բխող սպառնալիքների չեզոքացման հարցում
11-11-2015 15:55:39 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի է ժամանել Եվրամիության` անվտանգության և հարևանության հարցերով Գերագույն կոմիսար Ֆեդերիկա Մոգերինին:
Վրաստան ժամանելուց անմիջապես հետո Ֆեդերիկա Մոգերինին հանդիպում է անցկացրել Վրաստանի Խորհրդարանի նախագահի հետ: «Դա շատ հետաքրքիր և օգտակար հանդիպում էր: Մենք քննարկեցինք հարցերի մի ամբողջ բաժին: Սկսած անվտանգության հարցերից` վերջացրած Եվրամիության հետ վիզային ազատականացման հարցերով: Բոլոր ուղղություններում մենք նշանակալի առաջընթաց ենք հաստատել: Նշվել է, որ մեր հարաբերությունները զարգանում են ըստ հաստատված ծրագրի և շատ շուտով, հնարավոր է, մենք լավ նորություններ լսենք: Մոգերինին հետաքրքիր տեսություն ունի ոչ միայն Վրաստանի անվտանգության հարցերի վերաբերյալ, բայց և այն մասին, թե ինչպիսին պետք է լինի անվտանգության տարածաշրջանային համակարգը: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Վրաստանի դերը Ռուսաստանից բխող սպառնալիքների չեզոքացման հարցում: Վրաստանը խնդրում է ոչ միայն ապահովել իր անվտանգությունը Ռուսաստանից, բայց և պատրաստ է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հարցում: Այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է Վրաստանի զգալի ներգրավումը եվրոպական հարթակում: Եվ ոչ միայն անվտանգության տեսանկյունից, բայց և առաջին հերթին մեր երկրում ժողովրդավարական համակարգերի զարգացման տեսանկյունից», -նոյեմբերի 10-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
«Չնայած նրան, որ ինքը` Եվրամիությունը, կանգնած է բազում մարտահրավերների առջև, տվյալ խնդիրները չեն կարող կասկած առաջացնել Արևելյան Համագործակցության երկրների նկատմամբ մեր քաղաքականության կարևորության հանդեպ: Վիզային հարաբերությունների ազատականացման ծրագրի տեսանկյունից Վրաստանը մեծ ձեռքբերումերի է հասել: Վրաստանը կատարել է շատ կարևոր պարտականություններ և պետք է շարունակի աշխատել նույն ակտիվությամբ մնացած բոլոր պարտականությունների իրականացման համար: Այդ ամենն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ընթացիկ տարվա ավարտին Վրաստանը ստանա դրական երաշխավորում», -հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:
Նոյեմբերի 10-ին տեղեկություն է տարածվել, որի համաձայն Թբիլիսիի հանրային դպրոցներից մեկում պարբերաբար տեղի են ունեցել խտրականության փաստեր աշակերտներից մեկի նկատմամբ: Վրացական մամուլի տարածած տեղեկության համաձայն` «աշակերտներից մեկի մայրը հաստատում է, որ իր երեխան մշտական խտրականության է ենթարկվում ըստ ռասսայական պատկանելության նշանի: Խտրականություն են իրականացնում ինչպես մյուս աշակերտները, այնպես էլ դպրոցի վարչությունը»: «Վրաստանի Կրթության նախարարությունն արդեն հատուկ խումբ է ուղարկել նշված դպրոցում իրավիճակն ուսումնասիրելու համար: Մենք մտադիր ենք մանրամասնորեն պարզաբանել իրավիճակը: Այն դեպքում, եթե հաստատվեն աշակերտներից մեկի հանդեպ ըստ ռասսայական պատկանելության նշանի խտրականություն դրսևորելու մասին լուրերը, նախարարությունն իր ունեցած բոլոր հնարավորությունները կօգտագործի, որպեսզի մեղավորները համապատասխան պատիժ կրեն», -նոյեմբերի 10-ին հայտարարել է Վրաստանի Կրթության նախարար Թամար Սանիկիձեն:
Նոյեմբերի 10-ին Վրաստանի նախկին վարչապետը մեկնաբանել է իր հանդիպումը Ալիև կրտսերի հետ: «Ես նախագահ Ալիևի հետ շատ ավելի հետաքրքիր զրույց եմ ունեցել, քան Գազպրոմի հարցերը: Ազգային Շարժման կողմից տարածած «Գազպրոմ»-ի թեման գոյություն չունի: Համապատասխանաբար, մենք ունեցանք շատ հետաքիրքիր հանդիպում, ընկերական զրույց», -պատասխանելով վրաց լրագրողների հարցերին` պատասխանել է Բիձինա Իվանիշվիլին:
«Նախկին Կառավարության տարիներին Վրաստանը ղեկավարվում էր արտասահմանից: Նման բան այլևս չի կրկնվի: Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, «Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը», Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն` այս բոլորը շատ հաճախ Վրաստանի ներկայիս կառավարությանը քննադատող հայտարարություններ են անում: Մենք մեծ ուշադրությամբ լսում ենք տվյալ հայտարարությունները և անհրաժեշտության դեպքում նույնիսկ պատասխանում ենք այդ հայտարարություններից որոշների: Բայց ուզում եմ նշել: Սահակաշվիլու օրոք Վրաստանն անում էր այն, ինչ իրեն հրամայում էին այս կամ այն հայտարարությունում: Վրաց ժողովրդի կարծիքը ոչ ոքի չէր հետաքրքրում: Այն իրավիճակը, որի դեպքում մեր երկիրն անվերապահորեն կատարում էր նրանց առաջադրանքները, երբեք չի կրկնվի: Բայց մեր ընկերների կարծիքը մեզ համար շատ կարևոր է: Չնայած նրան, որ քննադատական հայտարարությունների մեջ առկա է նաև սուբյեկտիվություն, Վրաստանն այնուամենայնիվ, դրան վերաբերում է հարգանքով և ուշադրությամբ», -նոյեմբերի 10-ին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետը:
«Ես լավ գիտեմ վրացու բնավորությունը: Մենք երազկոտ ժողովուրդ ենք: Մենք ուզում ենք ամեն ինչ և միանգամից: Որպես կանոն` քաղաքական մշակույթի ցածր մակարդակով ժողովուրդները, սովորաբար, իրենց իշխանությունից պահանջում են արագ և վայրկենական արդյունքներ: Մենք տվյալ հարցում բացառություն չենք», -հայտնել է Բիձինա Իվանիշվիլին: