ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում


ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում

  • 29-03-2016 18:00:08   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

 
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի,  ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը:
 
  Ողջունելով ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած աշխատանքային խմբին` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնել է, որ մարզում սկսված գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ քննարկման  ենթակա են  խորքային հորերի` ոռոգման նպատակով օգտագործման հարցը, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից համայնքների խնդիրները:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, նկատել է, որ մշտապես պատրաստակամ է համայնքների ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթներին առնչվող խնդիրները: Նախարարը նշել է, որ այսօր առանձնակի նշանակություն ունի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Գիլանի բնակավայրի խնդիրը, ինչպես նաև հիշեցրել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ  է տրված և միջազգային չափանիշներով պահպանման ռեժիմը թույլ չի տալիս, որպեսզի հատուկ պահպանվող տարածքում գտնվող բնակատեղիի առկայությունը խախտի պահպանման առկա պայմանները: «Մեր նպատակն է այս իրավիճակին լուծում տալ չխախտելով տեղի բնակիչների իրավունքները: Հարցի լուծումներից մեկն այն է, որ ուսումնասիրությունների և հաշվարկների արդյունքում առաջարկենք  բնակավայրի տարածքը վերադարձնել համայնքին, բայց, նույն չափով տարածքներ, որոնք համապատասխանում են արգելոցի չափանիշներին, համապատասխան համայնքներից տրվեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որպեսզի հատուկ պահպանվող տարածքի չափերը չպակասեն: Ես անձամբ հանդիպել եմ տեղի բնակիչներին, ծանոթացել խնդրին և կարծում եմ, որ այս լուծումը կբավարարի բոլոր կողմերին»,-հայտնել է Ա. Գրիգորյանը:
    Լսելով համայնքի ղեկավարների կարծիքները` նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներից և համայնքի ղեկավարներից ձևավորել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում քննարկելով և լսելով կողմերի կարծիքները` կներկայացնի հստակ առաջարկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլանի բնակավայրի խնդրի լուծման առնչությամբ:
   Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ցանկանում է հանրապետությունում և մասնավորապես Արարատի մարզում զարգացնել էկոտուրիզմը: Այդ նպատակով  տարածաշրջանում կան համապատասխան պայմաններ: Մասնավորապես` Խոր Վիրապի տարածքում կա թռչունների միգրացիայի դիտակետ, որը պետք է կատարելագործել, ինչը կավելացնի Եվրոպայից թռչունների միգրացիային հետևել ցանկացող զբոսաշրջիկների թիվը: Սա կնպաստի նաև տարածաշրջանի տուրիզմի զարգացմանը, քանի որ  Խոր Վիրապը եղել է հայ քրիստոնեական մշակույթի բնօրրանը:
   Նախարար տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվելու են խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները և մարզպետին առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբում ընդգրկել նաև մարզպետարանի մասնագետին, որպեսզի համատեղ որոշումներ կայացվեն ոռոգման կամ խմելու  նպատակով օգտագործվող համայնքային նշանակության խորքային հորերի վերաբերյալ, իսկ այն հորերը, որոնք որևէ նպատակի չեն ծառայում և վնաս են հասցնում շրջակա միջավայրին` լուծարել կամ կոնսերվացնել: Նախարարը հայտնել է, որ այսօր Արարատի մարզի խորքային հորերի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ նախորդ երկու տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության ձեռնարկած լուծարման, կոնսերվացման և կարգաբերման միջոցառումների արդյունքում որոշ հատվածներում կան խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում:
   Հանդիպմանը քննարկվել են նաև հողերի աղակալման և ցամաքուրդների ոչ բարվոք վիճակի հարցերը: Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ մարզում իրականացվում է «Հողերի կայուն կառավարում, արտադրողականության բարձրացման նպատակով» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է որոշ աղակալած տարածքների խնդրի լուծում: Ակնկալվում է, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի`  ընդգրկելով ավելի շատ տարածքներ:
   Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև բնապահպանության ոլորտին առնչվող այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտին առնչվող խնդիրները լուծել երկու կառույցների մասնագետների ակտիվ փոխգործակցությամբ և համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն