Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը դրական ազդեցություն կունենա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա.ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
31-03-2016 11:49:32 | Արցախ (ԼՂՀ) | Միջազգային
ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Արցախի հանրային հեռուստատեսությանը.
Հարց․Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը։
Պատասխան․Ողջունում ենք Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Այսպիսով, Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը։ Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործում։
Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, այս գործընթացում նոր հաջողությունների հասնելու համար։
Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ խթան կհանդիսանա արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Այննաև դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ ապահովելով նրա անդառնալիությունը և թույլ տալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: