Երբ բարեգործությունը կրճատում է Սան Ֆրանցիսկո-Երևան հեռավորությունը
10-09-2016 12:58:53 | Հայաստան | Բարեգործություն
Օրերս«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ հանուն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման: Համերգի ընթացքում հնչեցին Վ. Վիսոցկու երգերն ու հեղինակային ստեղծագործությունները Սերգեյ Աղաբաբյանի կատարմամբ, ով ապրելով և ստեղծագործելով Սան Ֆրանցիսկոյում, հաճախ է հանդես գալիս բարեգործական նախաձեռնություններով, իսկ այսօր նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Հայաստանում: Հաշվի առնելով, որ համերգի նպատակը քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցուցաբերելն էր՝ որպես գործընկեր ընտրվեց «Ֆոնդ 100»-ը, որն արդեն իսկ մասնագիտացած է այս ոլորտում, և որի միջոցով էլ համերգի արդյունքում ստացված հասույթը կծառայի իր նպատակին:img_3664
Սերգեյ Աղաբաբյանի կատարումները լսելու և բարեգործությանը մասնակից դառնալու համար հավաքված հանդիսատեսի թիվն անցնում էր 200-ը. համերգին ներկա էին ներկայացուցիչներ աջակից կազմակերպություններից, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից, գործընկեր հիմնադրամի՝ «Ֆոնդ 100»-ից, մարդիկ, ովքեր սիրում են Վ. Վիսոցկու ստեղծագործություններն ու գնահատում Ս. Աղաբաբյանի բարի կամքն ու ստեղծագործական ավյունը:
Համերգային ծրագրին բացման խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ում՝ հանդիսատեսին ուղղված ողջույնի և շնորհակալական խոսքից հետո հնչեց նաև «Ջ070920161ավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի ողջույնի խոսքը, ով էլ ներկայացրեց բարեգործական համերգի նախաձեռնության ողջ նախապատմությունը:
Ավելի քան երկու ժամ Առնո Բաբաջանյանի համերգասրահում կիթառի համարձակ ակորդների ներքո հնչում էին Վ. Վիսոցկու սիրային, պատերազմյան, խոհափիլիսոփայական թեմատիկայի հայտնի և հանդիսատեսի համար դեռևս չբացահայտված ստեղծագործություններ, իսկ համերգային ծրարգրի երկրորդ մասում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Սերգեյ Աղաբաբյանի հեղինակային ստեղծագործություններն ու բացահայտելու համեստ երաժշտի բանաստեղծական ձիրքը:
Համերգն ավարտվեց ջերմ ծափահարությունների և գովասանքի խոսքերի ներքո. արտիստը հեռացավ բեմից ծաղիկներով և հայ հանդիսատեսի ջերմությունը՝ սրտում, իսկ համերգի մասնակից կազմակերպություններն ու անհատները՝ Վ. Վիսոցկու կյանքի և ստեղծագործության վերաբերյալ նոր բացահայտումներով և ներքին մեծ բավարարվածությամբ:
Նշենք, որ բարեգործական համերգի կայացմանը մեծ աջակցություն են ցուցաբերել «Սովրանո» ՍՊԸ-ն, «Հայք Ավիա» ավիաընկերություն ՓԲԸ-ն, «Արմանդ Գրուպ» ԲԲԸ-ն, «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի «Էլիտ Պլազա» ներկայացուցչությունը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, «Պարկետ Ավենյու» ՍՊԸ-ն: Տեղեկատվական աջակցություն է ցուցաբերել Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աձնակազմը շնորհակալություն է հայտնում Սերգեյ Աղաբաբյանին հայրենիքի հետ կապը պահպանելու և բարի կամքի դրսևորման համար, ինչպես նաև գործընկեր ընկերություններին և համերգի մասնակիցներին ՋԱՀ-ի գաղափարակիցն ու համակիրը լինելու, իրենց վրա սոցիալական պատասխանատվություն վերցնելու և շրջապատող աշխարհի խնդիրների հանդեպ անտարբեր չմնալու համար:
Համերգի ֆինանսական արդյունքների ամփոփումը կներկայացնենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է, որի առաքելությունը Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ու հայ-վրացական համագործակցությանը նպաստելն է, սակայն ՋԱՀ-ը մշտապես պատրաստակամ է հայրենանվեր և մարդասիրական նախաձեռնությունների և գաղափարների շուրջ համագործակցելու այլ հիմնադրամների և կառույցների հետ ևս և դրանով իսկ հիմք դնելու գործընկերության նոր ու շարունակական մշակույթի: