Նոր հնարավորություններ ջրային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար


Նոր հնարավորություններ ջրային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար

  • 23-09-2016 12:03:46   | Հայաստան  |  Տնտեսություն

Սույն թվականի սեպտեմբերի 19-20 ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը մասնակցել է  ԵՄ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԵՄ Արևելյան գործընկերության երկրների միջազգային գետավազանների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերը: 
 
Հանդիպման շրջանակներում մեկնարկել է  ԵՄ ջրային նախաձեռնություն + քառամյա տարածաշրջանային ծրագիրը, որի շնորհիվ երկրներում հնարավոր  է բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը: 
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, ջրավազանային կառավարման պլանների մշակում, աջակցություն առկա կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացմանը: Մասնավորապես՝ շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի և հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնների վերազինում, ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական և քանակական մոնիթորինգի լաբորատոր ենթակառուցվածքների արդիականացում, աջակցություն Շրջակա միջավայրի վրա ներգործության կենտրոնի լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանը, էկոլոգիական հոսքի հաշվարկի օպտիմալ մեթոդի  մշակում և այլն:
Խ. Հակոբյանը ներկայացրել է 2012-16թթ. ԵՄ Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն  ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված ջրային ոլորտի կառավարման բարեփոխումները՝ մասնավորեցնելով Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի  մշակման գործընթացը, Արարատյան դաշտի 3 ձկնաբուծարանների հորերում տեղադրված ավտոմատ կառավարման  SCADA համակարգերի տեղադրումը, ինչպես նաև ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Տարածաշրջանային ծրագրի ամփոփման արդյունքներով Հայաստանն առաջընթաց է արձանագրել և կարող է օրինակելի փորձ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ ի տարբերություն գործընկեր երկրների, Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ մշակել  և կառավարության կողմից հաստատել է երկրում առկա 6 ջրավազանային  տարածքներից 2-ի կառավարման պլանները, իսկ երրորդը՝ Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը   նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն