Արդարադատության նախկին նախարարից պահանջում են ներողություն և 1 մլն դրամ


Արդարադատության նախկին նախարարից պահանջում են ներողություն և 1 մլն դրամ

  • 27-09-2016 14:48:44   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի գործով առաջին դատական նիստը: ՀԿ-ները հայց են ներկայացրել արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ վերջինս արատավորել է իրենց գործարար համբավը և պահանջել հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:
 
Նախապատմությունն այն է, որ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել է ընտրությունները,  Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային է (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:
 
Հիշեցնենք, որ Թովմասյանի դեմ հայց ներկայացրած կազմակերպությունները արդեն տևական ժամանակ է, ինչ դիտարկում են ՀՀ-ում ընթացող ընտրությունները:
 
ԻԵՄ հանրային կապեր բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն