Թուրքական գազատարի շինարարությունը սկսվելու է 2018 թվականին
11-10-2016 18:12:12 | Ռուսաստան | Միջազգային
«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը սկսվելու է 2018 թվականին: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Ծրագրի իրականացման սկզբի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Ծրագրի իրականացման մեկնարկը տրված է: Մեր ծրագրով` շինարարությունը սկսվելու է 2018 թվականին»,- ասել է Միլլերը:
Գազպրոմի ղեկավարը նշել է, որ գազատարի ծովային հատվածն ամբողջությամբ պատկանելու է Ռուսաստանին, որը նույնպես իր վրա է վերցնելու շինարարության երկու ճյուղերի ֆինանսավորումը:
Թուրքիայի տարածքում գազատրանսպորտային ենթակառուցվածքը կառուցելու է արդեն թուրքական Botas-ը:
Միլլերի խոսքերով, Թուրքիայում եվրոպացի սպառողների համար գազի մատակարարման տարանցիկ ենթակառուցվածքներ կառուցելու նպատակով ստեղծվելու է համատեղ ձեռնարկություն:
Նա նաև հաղորդել է, որ Թուրքիայի համար գազի արժեքի զեղչայի համակարգը պայմանավորված կլինի մատակարարումների ծավալով: