2018 թվականին լինելու է հեղաշրջում՝ թավշյա և արդեն հայտարարված


2018 թվականին լինելու է հեղաշրջում՝ թավշյա և արդեն հայտարարված

  • 20-06-2017 17:52:58   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱԺ նախկին փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին news.am-ին ասել է, որ Կարեն Կարապետյանը 2018-ին կմնա, բայց երկրի ղեկավարությունը` կապված ապագայի հետ, կմնա Սերժ Սարգսյանը:
 
Գալուստ Սահակյանի հայտարարությունները վերծանելն իհարկե անշնորհակալ գործ է եւ պահանջում է թե վերծանողի, թե ընթերցողի հետվերականգնողական տեւական փուլ, սակայն մյուս կողմից նաեւ անհերքելի է, որ «մաեստրոն» բավականաչափ սթափություն եւ ողջախոհություն ունի մամուլի հետ շփումներում իր ազդակները վերահսկելու համար: Հակառակ դեպքում իշխանությունը կաներ անհրաժեշտն այդ շփումները բացառելու համար: Եթե նա ԱԺ պատգամավոր է եւ չի գնացել պատվավոր հանգստի, ուրեմն դեռ կա նրա եւ մամուլի շփումների, ըստ այդմ որոշակի ազդակների անհրաժեշտություն, եւ առնվազն իշխանության համար դրանք դեռեւս վերահսկելի են:
Այսպիսով, ինչ է հայտարարում Սահակյանը: Նա գործնականում հայտարարում է այն մասին, որ Հայաստանում 2018 թվականին լինելու է հեղաշրջում՝ ներիշխանական, թավշյա, թեեւ արդեն հայտարարված:
Ինչ է նշանակում Կարեն Կարապետյանը կմնա, բայց երկրի ապագայի առումով ղեկավարությունը կմնա Սերժ Սարգսյանը:
Պետական կառավարումը հստակ սահմանվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Պետության ղեկավարը նա է, ով զբաղեցնում է պետության ղեկավարի լիազորություն, իրավասություն եւ պարտականություն ենթադրող պաշտոն՝ օժտված ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Հայաստանի Սահմանադրությունը 2018 թվականից հետո պետության Առաջին դեմք համարում է վարչապետին: Ով կլինի այդ մարդը 2018-ի ապրիլից հետո, այլ խնդիր է եւ այստեղ իհարկե վերլուծություններն ու ենթադրությունները տարբեր են, իսկ որոշումները՝ անհայտ:
Սակայն երբ կա դե յուրե պաշտոն եւ այն զբաղեցնող մի մարդ, սակայն դե ֆակտո ղեկավարությունը գտնվում է մեկ այլ մարդու ձեռքին, ապա անկախ անուններից, այդ դեպքում գործ ունենք ուղղակի հեղաշրջման հետ: Եվ երբ հայտարարվում է այդօրինակ վիճակի մասին, նշանակում է, որ հայտարարվում է հեղաշրջման մասին, երբ պետության ղեկավարությունը գտնվում է մի մարդու մոտ, որը Սահմանադրությամբ եւ օրենքներով օժտված չէ այդ թե լիազորությամբ, թե պարտականությամբ:
Այլ հարց է, որ Կարեն Կարապետյանը կմնա, բայց ոչ իբրեւ վարչապետ: Ի դեպ, Իրատես թերթն ամիսներ առաջ հրապարակել էր տեղեկություն, թե կա իշխանական սցենար, ըստ որի Սերժ Սարգսյանը 2018-ին կդառնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, որը պատասխանատու կլինի զուտ տնտեսական հարցերի համար: Գալուստ Սահակյանն ասում է, թե Կարեն Կարապետյանը կմնա, բայց չի ասում՝ կմնա որպես վարչապե՞տ, թե՞ որպես առաջին փոխվարչապետ կամ այլ կարգավիճակի տեր, իսկ վարչապետ, այսինքն Առաջին դեմք կդառնա Սարգսյանը:
Որովհետեւ, եթե նա չի դառնում Առաջին դեմք, բայց «ղեկավարությունը մնում է նրա ձեռքը», ապա դա այլ բան չէ, քան պարզապես հեղաշրջում, ինչ կարգավիճակում էլ Սարգսյանը պահի ղեկավարությունն իր ձեռքը: Միեւնույն է, դա լինելու է արդեն հակասահմանադրական ղեկավարություն, այսինքն դա փաստացի կնշանակի, որ Սերժ Սարգսյանն է Սահմանադրությունը:
Իհարկե այնպես չէ, որ Հայաստանում ներկայում իշխանությունը սահմանադրական է: Բայց Սահմանադրությունը առկա է գոնե իբրեւ ֆորմալ փաթեթավորում: Գալուստ Սահակյանի հայտարարությունը պարզապես պատռում եւ դեն է նետում այդ փաթեթավորումը:
Ինչպե՞ս է դրան արձագանքելու Սերժ Սարգսյանը, կամ ի՞նչ արձագանք է հանձնարարվելու ՀՀԿ-ին:
 
 
 
 
 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն